Գարեգին Բ-ն շնորհավորել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամին


Հուլիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի ղեկավարներին, ակնաբուժներին և բարերարներին:
Բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Նունե Եղիազարյանն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել է նախագծի սկզբնավորման պատմությունը և անցնող քսանհինգ տարիների գործունեությունը, խոսել Կապանում մարզային ակնաբուժական կենտրոնի բացման մասին:
Հիմնադրամի հիմնադիր-նախագահ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանն իր հերթին ևս անդրադարձել է բարեգործական ծրագրի մտահղացմանը՝ երախտագիտությամբ հիշելով ծրագրին մասնակից բոլոր բժիշկներին և անհատ բարերարներին: Նա նաև ընդգծել է, որ ծրագրի բարեհաջող իրականացմանը մեծապես նպաստել է այն, որ ի սկզբանե հիմնադրամը ստացել է Հայոց Եկեղեցու օրհնությունը և մշտապես համագործակցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ:
Այնուհետև հիմնադրամի գործունեության 25-ամյակի առիթով ներկաներին շնորհավորել է և իր օրհնությունը բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ ծրագրի առաջին օրվանից քաջ ծանոթ է հիմնադրամի գործունեությանը, որը, տիար Ռոջեր Օհանեսյանի նվիրյալ ջանքերի շնորհիվ, հայրենիքի կյանքի դժվարին ժամանակաշրջանից սկսած առ այսօր օգնում է տեսողության խնդիրներ ունեցող հայորդիներին՝ հասնելով նրանց բնակության ամենահեռավոր շրջաններն ու վայրերը:
Մեծապես կարևորելով հայրենակիցների և, մասնավորապես, սոցիալապես անապահով քաղաքացիների առողջությանն ու ակնաբուժական խնամքին ուղղված բարեգործական այս նախագիծը՝ Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել հիմնադրամի պատասխանատուներ՝ պրն Ռոջեր Օհանեսյանին, տիկ. Նունե Եղիազարյանին, ինչպես նաև բոլոր այն բարերար անձանց ու ակնաբույժներին, ովքեր մաս և բաժին ունեն այս օրհնյալ ծառայական գործում:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավետ գործունեություն ու բարի ընթացք է մաղթել հիմնադրամին և Հայկական ակնաբուժության նախագծի կողմից ձեռնարկված բոլոր նոր ծրագրերին: