Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց սփյուռքահայ ուսուցիչների հետ

Հուլիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության ուսուցիչների վերապատրաստման ծրագրին մասնակից սփյուռքահայ ուսուցիչներին՝ ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանյանի:

Հանդիպմանը տիար Ռուբեն Միրզախանյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ծրագրին 16 երկրներից մասնակցող ուսուցիչներին՝ տեղեկացնելով, որ Սփյուռքի ամենօրյա և կիրակնօրյա ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստությունը արդեն 18-րդ անգամ է անցկացվում՝ այս տարի՝ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կողմից։ Ռեկտորն անդրադարձ կատարեց նաև կրթության և Սփյուռքի կրթական խնդիրների հանդեպ Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող ուշադրությանը՝ հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը մանկավարժներին և նրանց սրբազան առաքելությանը։

Այնուհետև սփյուռքահայ ուսուցիչներին ողջունեց և իր հայրապետական պատգամը փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետը, ուրախություն հայտնելով հանդիպման առիթով, իր գնահատանքը հայտնեց ուսուցիչներին այն հանձնառության համար, որով, կարևորելով իրենց աշխատանքը, ամեն տարի գալիս են Հայաստան վերապատրաստվելու։

Նորին Սրբությունը կարևորեց հայրենիքի և ազգային կառույցների կողմից հայցեցի կրթության և դաստիարակության գործին ընծայվող ուշադրությունը՝ ընդգծելով, որ դպրոցը ազգի ինքնության պահպանման ամենակարևոր կառույցներից է։ Այս կապակցությամբ Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ուսումնական կառույցներին և մանկավարժներին, ովքեր, հասու լինելով Սփյուռքում ուսուցիչների կարևոր առաքելությանը հայ մանուկների կրթության ու դաստիարակության, ինչպես նաև հայ ինքության պահպանության գործում, պատասխանատվությամբ  և նախանձախնդրությամբ իրականացնում են սփյուռքահայ մանկավարժների վերապատրաստման ծրագիրը։

Կարևորելով հայ դպրոցի առաքելությունը ազգային կյանքում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավով նշեց, որ Սփյուռքում այսօր նահանջ է ապրում հայեցի կրթությունը։ Գարեգին Բ Հայրապետն ընդգծեց, որ հայ դպրոցի միջոցով է փոխանցվում ազգային ոգին, այնտեղ է կերտվում հայորդին և ձեռք բերում ազգային սրբազան արժեքների, պատմության ու հայոց մեծերի ճանաչողությունը, գիտելիքներ, որոնք նպաստում են ազգային ինքության ու գիտակցության զորացմանը՝ այդպիսով երաշխավորելով նաև հետագա ներգրավումը ազգային կյանքից ներս։

Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ հովվապետական իր տարբեր այցերի ընթացքում թեմակալ առաջնորդների և հոգևոր դասի հետ քննարկել է մտահոգիչ այս խնդիրը՝ շեշտելով եկեղեցիների կողքին հայ դպրոց ունենալու անհրաժեշտությունը՝ անվտանգ պահելու հայ ինքնությունը։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացրեց, որ առաջիկա տարի Մայր Աթոռում ևս կսկսվի իրականացվել նմանօրինակ վերապատրաստման ծրագիր՝ զորակցելու  Սփյուռքում ազգային կրթական հաստատությունների և Հայոց Եկեղեցու հովանու ներքո գործող դպրոցների մանկավարժներին։

Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը պատգամեց ուսուցիչներին կենսագործել դարերի խորքից փոխանցված ավանդները և կոչման բարձր գիտակցությամբ շարունակել իրենց ծառայությունը ազգին՝ մաղթելով, որ Աստված օրհնի, զորացնի և արդյունավոր դարձնի նրանց ջանքերը։

Հանդիպմանը ներկա Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն իր հերթին ուսուցիչներին ներկայացրեց կրթական ոլորտում կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերը։ Սրբազանը մասնավորապես անդրադարձավ հանրակրթական ոլորտում ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Մայր Աթոռի միջև սերտ համագործակցությանը, ինչպես նաև Մայր Աթոռի հովանու ներքո գործող երկու դպրոցների, մանկապարտեզի և Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունեությանը։ Վարդան եպիսկոպոսը նաև տեղեկացրեց Հայաստանի 140 կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների շարունակական վերապատրաստման և ի զորակցություն Սփյուռքի թեմերի կիրակնօրյաների նախանշվող ծրագրերի մասին։ Ուսուցիչներին հանգամանորեն ներկայացվեց Մայր Աթոռի և ՀԲԸՄ ութ հայորդյաց տների օգտաշատ կրթա-դաստիարակչական առաքելությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button