Հասարակություն

Սիրիահայ ակնաբույժի աշխատանքը՝ Մեծամորում


Սիրիահայ ակնաբույժ Սոսի Տեր-Արթինյանն արդեն 4 ամիս աշխատում է Մեծամորի պոլիկլինիկայում: Անցած տարվա օգոստոսին ընտանիքով եկել էին Հայաստան ծնողներին տեսնելու և պատերազմի պատճառով  չեն վերադարձել: Հայրենիքում ավելի ապահով են ու հանգիստ: Այստեղ ամուսինները շարունակում են աշխատել մասնագիտությամբ, որդին արդեն ուսանող է, աղջիկը ավագ դպրոցի սովորող:

Մարին պատրաստվում է դպրոց գնալ  և ակնաբույժը ստուգում է տեսողությունն ու  աչքի հետ կապված խնդիրները: Տեսողությունը լավ է,  հիվանդություններ չկան: Սիրիահայ ակնաբույժ Սոսի Տեր–Արթինյանը Հայաստանում արդեն չորս ամիս  գտել է իր աշխատանքը: Ապրում է Երևանում, աշխատում էներգետիկների քաղաքում: Մեծամորի պոլիկլինիկայի թիվ 17 սենյակի դռանը փակցված երկու բժշկի աշխատաժամի ցանկին ավելացել է ևս մեկը՝ Սոսի Տեր-Արթինյանի աշխատաժամը:  Սիրիահայ բժշկուհին շաբաթվա երեք օրն է հասնում Մեծամոր, ընդունում հիվանդներին: Մարին մեկ ամսվա ընթացքում արդեն 2-րդ անգամ էր այցելում բժշկուհուն: Մայր ասած, որ աչքը կարմրել ու բորբոքվել էր, բուժումից հետո  հիմա լավ է:

Մոտ մեկ տարի առաջ, ամառային արձակուրդներին Սոսին ընտանիքով եկավ Հայաստան՝ ծնողներին ու հարազատներին տեսնելու:  Եկան ու մնացին:  Պատերազմի  պատճառով նրա հարազատները 3 տարի առաջ էին ներգաղթել հայրենիք:  Սոսի Տեր- Արթինյանը մնացել ու իր պարտականություններն էր կատարում դեռևս պատերազմի մեջ գտնվող երկրում: Ծնվել, մեծացել ու բարձրագույն կրթությունը ստացել էր Հալեպում, այնտեղ ունի  սեփական ակնաբուժական կլինիկա, աշխատում էր նաև  Հալեպի հիվանդանոցում:

,,Առավոտ շտապում էինք աշխատանքի, իրիկունը վերադառնում, չէինք հասցնում նկատել, թե ինչպես են օրերն անցնում: ՈՒ էդպես մնացինք: Ծնողքիս ու հարազատներիս կարոտել էի: Անցած օգոստոսին եկանք տեսնելու և չվերադարձանք հրթիռներու պատճառով,,:

Կինն ակնաբույժ, ամուսինն ակնոցավաճառ,  նրանք Հայաստանում նույնպես գտել են աշխատանք ու շարունակում են զբաղվել նույն գործով: Դիմելով   առողջապահության նախարարություն  Սոսին առաջարկ էր ստացել աշխատել մարզային հիվանդանոցում: Մեծամորի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Միքայել Վանյանը կարգավորել է հարուստ կենսափորձով ու գիտելիքներով սիրիահայ բժշկուհուն աշխատանքի տեղավորման հարցը:  ,,Մեզ համար մեծ պատիվ է սիրիահայ բժշկուհու մեզ մոտ գտնվելը, կարճ ժամանակամիջոցում նրա մասին ակնածանքով են խոսում նաև հիվանդները,,- ասաց գլխավոր բժիշկը:

Ակնաբույժի ընտանիքն ապրում է  վարձակալած բնակարանում, որդին այս տարի ընդունվել է ազգային պոլիտեխնիկական համալսարան, աղջիկը սովորում է  ավագ դպրոցում:  Բժշկուհին սիրում է իր աշխատանքը, Հայաստանը, իսկ Հալեպ վերադառնալու մասին դեռ ոչինչ չի ասում, պատերազմի վտանգը չի անցել . ,, Այնտեղ շատ լավ էր, սովորել էինք,  միայն հրթիռներու խնդիրն էր,,:

Մեծամոր բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը որոշակի պլաններ ունի ակնաբույժի գործունեության ընդլայնման վերաբերյալ: Ցանկություն կա Մեծամորի հիվանդանոցում ակնաբուժական վիրահատություններ իրականացնել,  սակայն դա  դեռ ժամանակ ու միջոցներ է պահանջում:

Back to top button