Քաղաքական

Ռուսական զենքի՝ Բաքվին վաճառքի հարցի չափից դուրս հանրայնացումը կարող է վնասակար լինել՝ ասում է Աշոտյանը

Ռուսաստանի կողմից Բաքվին զենք մատակարարելու հարցը հայ-ռուսական հարաբերություններում ամենակնճռոտներից է  և այս հարցադրումը գոյության իրավունք ունի՝ ասում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նա տեղեկացրեց, որ ռուս գործընկերների հետ վերջերս քննարկել է հարցը և որոշ պաշտոնյաներ հասկանում են հայկական կողմի մտահոգության պատճառը։ Եթե զենքը հայտնվում է ոչ հավասարակշռված ղեկավար ունեցող երկրներում, ինչպիսին Ալիևի ղեկավարած Ադրբեջանն է, ապա այն  մի օր կարող է կրակել:

Ամեն դեպքում՝ խորհրդարանական հանձնաժողովի նախագահը հորդորում է  ուշադիր լինել, հարցի չափից դուրս հանրայնացումը կարող է վնասակար լինել՝ ասում է եւ շեշտում՝ դաշնակցային հարաբերությունները չեն ենթադրում քաղաքական օրակարգի հարցերում 100 տոկոսանոց համընկնում:  Այո՝ շատ քաղաքական գործիչներ հայ-ռուսական բարեկամության պաշտպաններ են,շեշտեց Աշոտյանը:

Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու Մոսկվայից հնչող առաջարկներին անդրադառնալով` Աշոտյանը հասկացրեց, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է։

ԵՄ-ԵԱՏՄ ընտրության հարցում Երևանի կողմնորոշումը ճիշտ համարելով` Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը հնարավորություն է դուրս գալու ավելի մեծ շուկաներ: Այդ միությունը  Հայաստանի առջև տնտեսական հսկայական շուկա է բացում : Այդ դեպքում` հարց` ինչու տեսանելի չէ տնտեսական աշխուժացումը Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության ընթացքում։ Աշոտյանը նշում է, որ այսօր ԵԱՏՄ երկրների համար, հատկապես Ռուսաստանի, տնտեսական լավագույն շրջանը չէ։ «Այլ կլիներ վիճակը, եթե մեր անդամակցությունը համընկներ նավթային գնի պիկի հետ»,- ասում է։

Շատ փորձագետներ վերհիշելով 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, երբ ՀՀ Եվրաինտեգրացիոն ուղուց կտրուկ շրջադարձ կատարեց դեպի ԵԱՏՄ,  մտահոգություն են հայտնում, թե հնարավոր է նոյեմբերին չստորագրվի ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը։ Որքանո՞վ է  հավանական նման հանգուցալուծում նոյեմբերին երբ նախատեսվում է  ստորագրել նոր շրջանակային համաձայնագիրը:  Արմեն Աշոտյանը այդ հարցադրումը արհեստական  եւ մանիպուլիացիոն է համարում։

Back to top button