Հուլիսի 22-ին Ծաղկաձորում կմեկնարկի Մնջախաղի միջազգային 6-րդ փառատոնը


Լենոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 6-րդ փառատոնը կմեկնարկի հուլիսի 22-ին և կշարունակվի մինչև հուլիսի 26-ը: Այս տարի փառատոնին մասնակցում են թատերախմբեր և անհատ կատարողներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Բանգլադեշից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից:
«Մնջախաղի փառատոնն ամենասպասվածներից է, քանի որ այն ոչ թե մասնագետների, այլ՝ ժողովրդի համար է և՝ սահմանափակումներ չունենալով, բոլորին երջանկություն ու ժպիտներ է պարգևում»,- փառատոնի մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպմանը նշեց Փառատոնի գլխավոր պրոդյուսեր, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Նրա խոսքով, այս տարվա հետաքրքիր նախագծերից է «Դոն Քիշոտ» ներկայացումը, որը Ստեփանակերտի և Բեռլինի թատրոնների 2 դերասանների համատեղ աշխատանքն է:
Ժիրայր Դադասյանը տեղեկացրեց, որ այսուհետ Փառատոնը լինելու է ամենամյա, և այս տարի արդեն ստացվել են հայտեր հաջորդ տարվա մասնակցության համար:
Փառատոնի կազմակերպիչներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը և Ծաղկաձորի քաղաքապետարանը: