ԿարևորՏնտեսական

Հայաստանի օրգանիկ երկիր դարձնելու հեռանկարը


Ամերիկացի երիտասարդ նորարարների խումբը ժամանել է մեր երկիր՝ Հայաստանի եւ Արցախի կառավարություններին կոնկրետ առաջարկով: Հանդիպումներն արդեն կայացել են, բոլոր կողմ եւ դեմ կարծիքները հնչել են եւ ամերիկացի հյուրերը գոհ են հանդիպումների արդյունքներից: Իսկ ի՞նչ են մեզ առաջարկում ամերիկացի նորարարները: Նրանք հստակ պատկերացումներ, հաշվարկներ ու նաեւ ներդրողների ցանկ ունեն, թե ինչպես կարելի է Հայաստանը դարձնել օրգանիկ առաջին երկիրը աշխարհում:

Ամերիկացի երիտասարդ գործարարներ Հանթր Գեյլոն եւ Ջոզեֆ Դել Փրիթը առաջին անգամ են Հայաստանում: 27-ամյա Հանթրին անգամ ուղեկցում են ծնողները: Խումբը եկել է մեծ ծրագրերով եւ հեռանկարային առաջարկներով:

Արդեն հանդիպում են ունեցել Հայաստանի եւ Արցախի կառավարություններում։ Ասում են՝ ստացել են սպասվածից ավելի մեծ արձագանք: Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Հանթր Գեյլոն օրվա ընթացքում աշխատում է 20 ժամ, մշակել է նոր տեխնոլոգիա՝ օրգանիկ սննդի համար: Առաջին անգամ Միացյալ Նահանգներում հայ ծանոթների շնորհիվ են երիտասարդները համտեսել զուտ հայկական սնունդը եւ դրանից ծնվել է մեծ գաղափար՝ Հայաստանը դարձնել աշխարհի առաջին  օրգանիկ երկիրը: Երազանքը կյանքի կոչելու մեծ հեռանկարներ կան՝ հավատում է Ջոզեֆ Դել Փրիթը: Համոզմունքի համար հիմք է թեկուզ միայն այն, որ առողջ սնունդը ամբողջ աշխարհում արդեն մեծ արժեք է՝ պահանջարկ ունի ու նաեւ համապատասխան գին:

«Սա միջոց է, որով ամբողջ աշխարհին կարող ենք ապացուցել, որ Հայաստանն անվտանգ սնունդի տեսանկյունից ամենաապահովն է մաքուր ուտելիքի եւ արտադրության առումով: Օրինակ՝ բոլորը գիտեն, թե Չինաստանում ինչ է կատարվում, պլաստիկից բրինձ ունեն կամ Մեքսիկայում շատ հողագործներ իրենց շահի համար շատ վատ թույներ են օգտագործում: Հայաստանի կառավարության հետ աշխատելու փորձն արդեն ցույց է տալիս, որ այս ծրագրում մենք կհաջողենք»:

Երիտասարդները հենց այնպես եւ միանգամից չեն որոշել գալ Հայաստան: Հայկական սնունդի համտեսից մինչեւ այս օրը անցել են տարիներ: Որպես միջնորդ օղակ այս գործում գործարար Ռուբեն Մկրտչյանն է։ Նա Միացյալ Նահանգներում աշխատելու որոշակի փորձ արդեն ունի: Ուրախ է, որ իր ճանապարհին հանդիպել է Հանթր Գեյլոյի պես խոստումնալից գործարարին:

Ամերիկացի երիտասարդ գործարարներն այս ընթացքում ստեղծել են նոր տեխնոլոգիա,  որը փորձարկվել է Միացյալ Նահանգներում եւ ապահովում է օրգանիկ սնունդի լավ բերքատվություն՝ ասում են: Արվել են հաշվարկներ, անհրաժեշտ ներդրումների համար գտնվել են ընկերություններ: Ներդրումների չափը եւ ընկերությունների անունները հստակ կան, բայց ամերիկյան կողմը դեռ չի շտապում այն հրապարակել։ Հայտնի է միայն, որ որդու բիզնեսում խոշոր ներդրումներ պատրաստվում են անել Հանթրի ծնողները։

Նրանք եկել են Հայաստան անձամբ տեսնելու՝ ինչն ինչոց է: Ի դեպ, չեն խառնվում գործին, կողքից են հետեւում, թե Հանթրն ինչպես է ներկայացնում գաղափարը եւ շփվում հայաստանցիների հետ:

Ինչպե՞ս կընդունեն ամերիկացիները՝ «Արտադրված է Հայաստանում» աճեցված ու արտադրված սնունդը:

Երիտասարդ գործարար Հանթրը պատմում է, որ արդեն ունեն հիմնած բրենդ: Այդ բրենդով է Միացյալ Նահանգներ արտահանվել Արցախի թթի կոնյակը: «Ասում ենք թթի կոնյակ, բայց դա իրականում մի քանի տարի թրմված օղի է: Սա եզակի է աշխարհում: Միայն հայերն են այդպիսի բան օգտագործում ու նաեւ հայտնի է, որ դա շատ օգտակար է»,- ասում է Հանթրը:

Երիտասարդ գործարարն նշում է, որ լավատեղյակ է Հայաստանի քաղաքական խնդիրներին։ Դրանք իրեն չեն վախեցրել, չի վախեցրել նաեւ Ադրբեջանի «սեւ ցուցակը»,  հետ չի պահում Արցախի հետ համագործակցության ծրագրերից:

«Մենք լավատեղյակ ենք ամեն ինչից, բայց մենք բիզնեսի մարդիկ ենք: Ու նաեւ այս միջոցով՝ սնունդի միջոցով, մենք կարող ենք ամբողջ աշխարհին ներկայացնել իրականությունը»:

Գործարարներն ամեն դեպքում պատկերացնում են այն բազմաթիվ խնդիրները, որոնք ուղեկցելու են իրենց նոր գործում։ Խնդիրները, որոնց արդեն բախվել են այստեղ, Հանթրը ներկայացնում է այսպես.

«Առաջին հերթին դա տեղեկատվության պակաս է: Մեծ թվով գործարարներ այսօր Միացյալ Նահանգներում չեն փորձում լուծել գլոբալ մարտահրավերները: Մենք գործ ունենք շատ մեծ հիմնարար հանձնարարականի հետ՝ փորձել լուծել շատ ծավալուն խնդիրներ՝ սկսած սննդի անվտանգությունից: Փորելու ենք լուծել նաեւ սննդի տեղափոխման խնդիրները, որոնք առկա են: Կան մի խումբ խնդիրներ, որոնք ծառանում են ցանկացած բիզնեսի առջեւ՝ սկսած մենեջմենթից, վստահելի գործընկերներ գտնելուց մինչեւ կառավարության հետ փոխգործակցությունը: Բայց մենք տեսնում ենք, որ ունենք բավականին լավ ռազմավարություն այս խնդիրներից շատերը լուծելու համար»:

Օրգանիկ սնունդ աճեցնելու ճանապարհին անհրաժեշտ է նաեւ բարձրացնել հողագործների իրազեկությունը: Այս առումով նույնպես պետք է աշխատանքներ տարվեն ֆերմերների հետ: Շուտով գործարարները կգան նաեւ այս ծրագրերով: «Ռադիոլուրի» հարցին պատասխանելով՝ չեն բացառում, որ մի օր գյուղացուն կարող են առաջարկել, օրինակ՝ կարտոֆիլի փոխարեն ապահովել մեկ այլ՝ ավելի շահութաբեր բերք:

Արդեն լավ պատկերացնում են, որ դրսում՝ Միացյալ Նահանգներում, իսկական արժեք է ծիրանը, սեւ թութը, կանաչ եւ առաջին հայացքին ոչ այնքան տպավորիչ մանր սալորը ու անշուշտ արցախյան նուռը: Բացի զուտ սնունդ արտադրելուց՝ ամերիկացի գործարարները մտադրվել են այստեղ հիմնել նաեւ հյութի եւ պահածոների գործարան եւ որպես ծրագրի վերջնական կետ արդեն պատկերացնում են նաեւ, որ այս ամենը կարող է նպաստել գաստրոնոմիկ տուրիզմի զարգացմանը:

Լուսանկարները՝ Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության և ընկերությունների ֆեյսբուքյան էջերից

Ցուցադրել ավելի
Back to top button