Հասարակություն

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները հանդիպել են երկրի ղեկավարի հետ


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Լույս հիմնադրամի 2017-2018 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Ավանդույթի համաձայն` նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել և հավաստագրեր է շնորհել հիմնադրամի այս տարվա կրթաթոշակառուներին, ինչպես նաև հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և կյանքում: «Լույս»-ի կրթաթոշակառուները նախագահին են ներկայացրել իրենց կողմից երկրում իրականացված ու  իրականացվող մի շարք նախագծեր, որոնք մշակվել և իրագործվում են հիմնադրամի  «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում:

Արին Բալալյանը սովորում է Կոլումբիայի համալսարանի հանրային առողջապահության դպրոցի ասպիրանտուրայում:  «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է դարձել անցյալ տարի: Եվ արդեն մեկ տարի է աշխատում է ապագա հայրերին միտված առողջապահական ծրագրի վրա։ Փորձնական աշխատանքն արվել է Գարգառ համայնքում։ Ապագա հայրերը պետք է իմանան ամեն ինչ իրենց կնոջ մասին վերջինիս հղիության ընթացքում: Ծրագիրը բավականին դրական ընդունելության  է արժանացել և Արին Բալալյանն այժմ պատրաստվում է իր նախաձեռնությունը ներկայացնել նաև հկ-ների միջոցով այլ համայնքներում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց «Լույսի» կրթաթոշակառուն:

Ինչպես Արին Բալալյանը, այնպես էլ «Լույսի» մյուս կրթաթոշակառուներն այս մեկ տարվա ընթացքում բավականին լուրջ հաջողությունների են հասել: Հեղինակային ծրագրերը բազմաբնույթ են և խոստումնալից: Ամեն ամառ  «Լույսի» շահառուները Հայաստան են ժամանում աշխարհի տարբեր անկյուններից՝ միասին աշխատելու և հայրենիքում համայնքային զարգացման նախագծեր իրագործելու համար: Շնորհալի այս երիտասարդներին այսօր ընդունել և նրանց ծրագրերին է ծանոթացել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Արթուր Մակարյանն էլ Կոլումբիայի համալսարանի Թատրոնի և ռեժիսուրայի բաժնում է սովորում: Այս տարվա ծրագիրը դեռևս ընթացքի մեջ է: Կրթաթոշակառուն նախ ներկայացրեց անցյալ տարվա ծրագիրը, որ Ստեփանակերտում մեծ հաջողությամբ պսակվեց: Կազմակերպված թրեյնինգին մասնակցեցին Արցախի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները:

Արթուր Մակարյանը նախագահին փոխանցեց ներկայացման հրավիրատոմսը: Հանդիպման ժամանակ հիմնադրամի մյուս կրթաթոշակառուներն ու շրջանավարտները ևս նախագահին ներկայացրեցին  «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակում իրենց աշխատանքները, աշխարհի լավագույն բուհերում ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ ձեռնարկումներն ու առաջին ոգևորիչ հաջողությունները: «Լույսի» համայնքն արագ է աճում: 2009 թվականից հիմնադրամն աջակցել է ավելի քան 500 ուսանողների, ովքեր հայկական հարուստ մշակույթի, գիտական մտքի դեսպաններն են կրթական ամենաճանաչված կենտրոններում:

Back to top button