ՄԻԵԴ վճիռները պատասխանատվություն են ենթադրում


Հայաստանում քննարկում են ՄԻԵԴ վճիռների համար իրավասու պաշտոնյաների պատասխանատվության հարցը: Այն առաջին հերթին կկրեն քննիչներն ու դատախազները՝ բոլոր այն դեպքերում, երբ պարզվի, որ Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումների համար մեղավոր են նաև նրանք։ Դատախազությունում կարծում են, որ այս մոտեցումը կմեծացնի իրավապահների զգոնությունը: Փաստաբանները որոշումն ուշացած են համարում, նաև կարծում են, որ պատասխանտուներին պետք է փնտրել ոչ միայն քննիչների ու դատախազների, այլև դատավորների մեջ։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացվող վճիռների համար արդյո՞ք պատասխանատու են այդ գործերի քննությունը վարած քննիչները, նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացրած դատախազները և վերջապես վճիռներ կայացրած դատավորները: Գլխավոր դատախազությունում կարծում են, որ այո, բայց առաջին հերթին քննիչներն ու դատախազները: Մեղավոր են թե ոչ ՝ պարզելու է ծառայողական քննությունը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասում է, որ ՄԻԵԴ վճիռները առնվազն պետք է քննարկման , իսկ չհիմնավորված որոշումների դեպքում նաև պատասխանտվության առիթ դառնան:
«Մենք այս փաստերով պետք է ծառայողական քննություն անցկացնենք, տեսնենք, թե այդ խախտման մեջ ինչքա՞ն մեղավորություն ունի մեր դատախազը։ Եթե դատախազի համարժեք մեղավորության փաստն առկա կլինի, ուրեմն դա կառաջացնի հետևանքներ, որքանով որ օրենքը թույլ կտա։ Եթե քննիչին էլ միաժամանակ կլինի, կնախաձեռնենք այդպիսի ծառայողական քննության իրականացում նաև քննիչի նկատմամբ»։
Գլխավոր դատախազն այս թեմային անդրադարձել էր վերջերս խորհրդարանում, նաև նշել, որ քննության առարկա դառանալու են բոլոր գործերը՝ անկախ խախտման բնույթից: Նաև ասել էր, որ քննության մեխանիզմը գործի դնել պատրաստվում են արդեն ՄԻԵԴ հաջորդ վճիռներից սկսած: :
«Եթե կորոշվի որ ՄԻԵԴ արձանագրած խախտումները կարող էին կանխվել դատախազի գործողությունների կողմից կամ որոշվի որ քննիչի գործողություններն են այդ խախտումներին հանգեցրել, ապա դա պետք է հանգեցնի իրավական հետևանքների»:
Վերջին տարիներին պարբերաբար քննարկվում է, թե իրավական ինչ պատասխանատվություն պետք է կրեն այն պաշտոնյաները, ում որոշումների արդյունքնում իրավուքներ են խախտվում, Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ վճիռներ են կայացվում, իսկ բյուջեից որպես փոխհատուցում մեծ գումարներ տրվում: Փաստաբաններն ու իրավապաշտպանները հատուկ ուշադրություն են հրավիրում նաև կալանքի ՝ որպես խափանման միջոցի լայն կիրառման վրա և զգուշացնում ՝ այդ հիմքով վճիռների թիվը կարող է ավելանալ՝ հաշվի առնելով նախադեպային այն որոշումը, համաձայն որի՝ անգամ եթե անձը կասկածվում է ծանր հանցագործության մեջ, ապա չի կարող կալանավորել, եթե դրա համար հիմնավոր պատճառներ չեն ներկայացվել: Փաստաբան Հայկ Ալումյանը համոզված է, որ պատասխանատվություն կրելու մասին իշխանություններին ստիպում է մտածել կալանքներին վերաբերող բողոքների վիճակագրությունը:
«Մեր գանգատները կալանավորումների վերաբերյալ ստեղծել են մի պատկեր, թե ինչ անհիմն որոծումների արդյունքում են անձինք Հայաստանում կալանավորվուըմ: Փաստաբանների ներկայացրած գանգատները պարզ ցույց են տալիս, թե ինչպես են խախտվում Եվրոպական կոնվենցիայի դրույթները: Այսինք, որ հիմա մտածում են մեղավորներ գտնելու մասին, ոչ թե իշխանությունների բարի կամքի, այլ փաստաբանների պայքարի արդյունքն է»:
Փաստաբանը կարծում է, որ մեղավորներին պետք է փնտրել ոչ միայն քննիչների ու դատախազների, այլև դատավորների շրջանում: Ցանկացած որոշում կայացվում է հենց դատավորի ձեռքով ու պատասխանատվության բուրգի վերևում դատավորն է: բայց հարվ այնքան էլ միանշանակ չէ կամ ինչպես Հայկ Ալումյանն է ասում՝ երկու կողմ ունի:
«Մեդալը երկու կողմ ունի: Մի կողմից տրամաբանական է, որ եթե դատավորը անարդար վճիռ է կայացրել, պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց մյուս կողմից՝ միջազգային բազմաթիվ փաստաթղթեր ու կոնվենցիաներ կան, ըստ որոնց
Դատավորների հարցում իշխանությունները դեռ մտածելու ժամանակ ունեն, բայց քննիչների ու դատախազների դեպքում մոտեցումն արդեն միանշանակ է՝ չհիմնավորված կալանքի որոշումներ կայացրած քննիչներն ու դատախազները պատասխանատվության կնեթարկվեն:
Հավելեմ, որ 2016-ին Մարդու իրավուքների եվրոպական դատարանի քննությանն է հանձնվել մոտ 400 դիմում կա: Սա նախորդ 14 տարիների ընթացքում երկրորդ ամենամեծ թիվն է, ավելի շատ դիմում ՄԻԵԴ ուղղվել էր միայն 2007-ին՝ 600-ից ավելի դիմում: Իսկ խախտումների առումով նախրդ 14 տարիների ընթացքում կայացված վճիռների կեսից ավելին վերաբերում է արդար դատաքննության և քաղաքացու ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտումներին: