Հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը 5 տարով երկարաձգելու դրույթը ուժը կորցրած ճանաչվեց


Այսուհետ անձնագրի վավերականության ժամկետը հնարավոր չի լինի երկարացնել, այն պետք է փոխել։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց նախագծին։
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանն այսօր կառավարության հաստատմանն էր ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիներին դեռևս տրամադրվող հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը հինգ տարով երկարաձգելու վերաբերյալ դրույթները:
Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ կապահովվի կենսաչափական տվյալներով անձնագրերի և հին նմուշի անձնագրերի համար միատեսակ իրավակարգավորումների կիրառում։
Փոխոստիկանապետի խոսքով՝ շատ երկրներում, հատկապես ԱՄՆ-ում, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք, ինչն անհարմարություններ է ստեղծում երկարաձգված ժամկետով անձնագիր կրող քաղաքացիների համար:
Նա նշել է, որ 10 տարի ժամկետով տրված անձնագրի ժամկետը 5 տարով երկարաձգելու դեպքում հաճախ խոչընդոտներ են առաջանում՝ կապված անձի նույնականացման հետ, իսկ նախագծի ընդունմամբ քաղաքացիները զերծ կմնան նման խնդիրներից։