Հասարակություն

Կրթութական համակարգը՝ «յոլլա տանելու» ռեժիմում


Ընդունելության քննություններն ավարտվել են, արդյունքները հայտնի են: Այժմ ընդունելության 2-րդ փուլն է, որի նպատակն է լրացնել բուհերում թափուր տեղերը: Ընդհանուր առմամբ՝ դիմորդների թիվն այս տարի 1600-ով պակասել է, սակայն ամենաուշագրավն այն է, որ Հայաստանի պետական բուհերում շատ մասնագիտությունների գծով թափուր տեղեր կան: Օրինակ՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում 50 տեղից տափուր է 47-ը, քիմիայի ֆակուլտետում 26-ից 24-ն է թափուր, իսկ տնտեսագիտության ֆակուլտետում՝ 130-ից 80-ը: Դասախոսների խոսքով՝ պատմության մեջ առաջին անգամ նաև թափուր տեղեր կան հայոց լեզու և գրականություն մասնագիտությունից:

 

Մինչ բուհերն անհանգստացած են դիմորդների  շատ փոքր թվով, պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում թափուր տեղերի մասին խոսակցությունները Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն արհեստական է համարում: Բուհերն ամեն տարի ընդունելության համար նույն թվերն են հայտարարում: Կառավարության հաստատած որոշմամբ՝ բուհերում վճարովի և անվճար ընդունելության տեղերի քանակը 20 հազար է, իսկ դիմորդների թիվը՝ 9073: Եթե բոլորն էլ ընդունվեին, միևնույն է՝ 10 հազար տեղ թափուր էր լինելու՝ նկատում է Բլեյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ  կարծում է, որ բուհերի կողմից շատ տեղեր հայտարարելն իրականում հոգեբանական պատճառ ունի։

«Դա արվում է, որպեսզի դիմորդները չվախենան եւ դիմեն: Այսինքն ով էլ գա կընդունվի»:

Ինչ վերաբերում է դիմորդների թվի նվազմանը, կրթության փորձագետը կարծում է, որ դրա պատճառն արտագաղթն է և այն միտումը, որ շատ շրջանավարտներ միանգամից դիմում են արտասահմանյան բուհեր: Իր հերթին՝ անդրադառնալով թափուր տեղերին՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը նշում է, որ մենք ունենք առաջարկ, բայց չկա պահանջարկ: Դա է պատճառը, որ այսօր նման իրավիճակում են հայտնվել բուհերը: Ընդ որում, բացի ներքին պահանջարկից, չկա նաև արտաքինը, քանի որ ՀՀ բուհերը չեն կարողանում արտաքին պահանջարկին համապատասխանել: Անափիոսյանը նաև մեկ այլ ՝ մասնագիտական կողմնորոշման խնդիրն է մատնանշում:

Եթե ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը կողմնակից էր բուհերում հեշտ ընդունելությանն ու փոխարենը դժվարությամբ ավարտելու  սկզբունքին, ապա այսօր ունենք մի իրավիճակ, երբ դիմորդ չլինելու պատճառով ընդունելության շեմը հասցվել է նվազագույնի: Փաստորեն՝ ընդունվում է ցանկացած դիմորդ, ով կստանա դրական միավոր: Բայց արդյո՞ք մեր բուհերն իսկապես այնպիսի որակյալ կրթություն են ապահովում, որ բուն ավարտելուց հետո շրջանավարտը կարող է դառնալ լավ մասնագետ: Համաձայնելով «Ռադիոլուրի»  այս դիտարկմանը՝ Արևիկ Անափիոսյանը նկատեց, որ քանակն ստանում ենք որակի հաշվին և ոչ թե հակառակը:

Մեր ամբողջ կրթական համակարգն այժմ դրված է «յոլա տանելու» ռեժիմի վրա՝ իր հերթին նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Որպեսզի բուհերը որակյալ կրթություն տան, անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, ինչին այսօր ոչ ոք չի համարձակվում գնալ:

Ցուցադրել ավելի
Back to top button