Երևանում բացվեց ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն


Անի Մինասյան
«Ռադիոլուր»
ՀՀ մշակույթի նախարարության, «Արվեստը հանուն աշխարհի» կազմակերպության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, «Արվեստ Հայաստան հիմնադրամի» աջակցությամբ և համագործակցությամբ, Արվեստների հայկական խորհուրդը Հայաստանում առաջին անգամ կազմակերպում է «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսը: Հայկական առաջին տրիենալեն երեք տարին մեկ անցկացվելիք ժամանակակից արվեստի ցուցադրություն է: Իր տեսակով եզակի շրջիկ ցուցադրության կազմակերպիչները նպատակ ունեն ներկայացնել Հայաստանի պատմամշակութային հարուստ միջավայրը: Այսօր «Ստանդարտ 2017» տրիենալեի կազմակերպիչները հանդիպել են լրագրողների հետ:
Անունը՝ «ՍՏԱՆԴԱՐՏ», ձևաչափը՝ ոչ ստանդարտային. Հայաստանում մեկնարկում է «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի տրիենալեն՝ իր տեսակով եզակի շրջիկ ցուցահանդեսը: Տրիենալեն կազմակերպել է Արվեստների հայկական խորհուրդն իր գործընկերներ «Արվեստ Հայաստան» հիմնադրամի, «Արվեստը՝ հանուն աշխարհի» կազմակերպության հետ միասին՝ մշակույթի նախարարության աջակցությամբ: Վարդան Կարապետյանը «Արվեստների հայկական խորհրդի նախագահն է. ասում է՝ տրիենալեի անունը պատահական ընտրված չէ, ոգեշնչվել են «Ստանդարտ» պարբերականի անվամբ և դրա հետ բանաստեղծ Եղիշե Չարենցի և ճարտարապետներ Միքայել Մազմանյանի ու Կարո Հալաբյանի կապով:Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը 2015-ին Վենետիկի 56-րդ բիենալեում «Ոսկե առյուծ» մրցանակը նվաճած Հայկական տաղավարի համադրողն է: Այս տարի կազմակերպիչների որոշմամբ ընտրվել է որպես տրիենալեի գլխավոր համադրող:
Ֆրանսիացի սյուրռեալիստ գրող և բանաստեղծ Ռընո Դոմալի «Անալոգ լեռը» անավարտ վեպից ոգեշնչված՝ տիկին Ջուբերյանը վեպի անունն ընտրել է որպես տրիենալեի խորագիր:
«Ես կարծում եմ, որ ժամանակակից արվեստը կամ առհասարակ արվեստը, գոյություն չի կարող ունենալ առանց հոգևոր մոտեցման: Ստեղծագործ մտքի էությունն ուղղակիորեն առնչվում է մարդու բնույթի ու փորձառության հետ: Մենք շարունակում ենք աշխատել, քանի որ չենք պատկերացնում արվեստն առանց հույսի»:
Տրիենալեի երևանյան մեկնարկը կտրվի բրազիլաբնակ հայազգի մոդեռնիստ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի լուսանկարների ցուցադրությամբ: Միջոցառման գործընկեր համադրող Ռուբեն Արևշատյանը կարևորում է ցուցահանդեսը և կարծում, որ ճիշտ որոշում է՝ երեւանյան ցուցադրությունը բացել հենց սփյուռքահայ արվեստագետի ստեղծագործություններով:
Այսօրվանից մինչև տարվա վերջին օրը տրիենալեն կշրջի Գյումրի-Երևան-Սևան երթուղով՝ ընդգրկելով նաև հարակից պատմամշակութային վայրերը: Վարդան Կարապետյանն իրենց առաջին փորձառությունը բարձր է գնահատում ու խոսում հետագա ծրագրերից:
«ՍՏԱՆԴԱՐՏ 2017»-ի կողմից ընտրված տարածքները կվերածվեն հարթակների, ուր արվեստի մարդիկ հնարավորություն կունենան շփվելու, այսպես ասենք, առանց սահմանների։