Միջազգային

Երթ՝ ընդդեմ «Վրացիների քայլերթի»

Թբիլիսիում կանայք երթ են անցկացրել ընդդեմ օրեր առաջ տեղի ունեցած «Վրացիների քայլերթի»: Նրանք անցել են քաղաքի կենտրոնական Աղմաշենեբելի փողոցով, որտեղ տեղակայված են հիմնականում թուրքական ու արաբական սրճարաններ, ռեստորաններ, հյուրանոցներ, հայտարարել, որ Վրաստանի դռները բաց են օտարերկրացիների առջև:

 

Վրաստանը ազատ, ժողվրդավարական երկիր է, որտեղ տեղ չունի «ատելությունն ու ֆաշիստական գաղափարախոսությունը»: Նման կարգախոսերով կանայք հայտարարում են` թույլ չեն տա, որ շարունակություն ունենա այսպես կոչված «Վրացիներին քայլերթը», որը օրեր առաջ Թբիլիսիի Աղմաշենեբելիի պողոտա հանեց հազարավոր քաղաքացիների:
«Մի քանի օր առաջ այս նույն փողոցում տեղի ունեցավ ֆաշիստների երթը, որի ետևում Ռուսաստանն է: Ռուսատանն ուզում է, որ Վրաստանը լինի ոչ ազատ, քսենոֆոբիկ ու ֆաշիստական երկիր»:

«Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց կանանց ակցիայի կազմակերպիչներից, Թբիլիսիի Ճավճավաձեի անվան համալսարանի պրոֆեսոր Նինո Դանելիան` հավելելով, որ հասարակությունը թույլ չի տա, որ կասկածի տակ դրվի երկրի եվրատլանտյան ուղղությունը. «Այս երկրում երբեք գլխավոր թեմա չի դառնալու քսենոֆոբիան, ինչպես նրանք են ուզում. Մենք շարունակելու ենք սիրել ու հարգել մեր մոտ ու հեռու հարևաններին, Վրաստան ժամանող բոլոր օտարերկրացիներին, նույնիսկ, եթե նրանք անօրինական կերպով են այստեղ»:

«Վրացիների քայլերթը», որ օրերս տեղի ունեցավ «պահպանիր Վրաստանը» նշանաբանի ներքո, իշխանություններին պահանջ ներկայացրեց վերանայել միգրացիոն օրենսդրությունը, խստացնելով ներգաղթյալների` հատկապես մուսուլմանական երկրներից ժամանողներին կացութան իրավունք ու քաղաքացիություն տալու կարգը. «Նրանք չգիտեն արդյոք օտարերկրացիները Վրաստանում անօրինական կերպով են ապրում. Որևէ վիճակագրություն չներկայացրին: Նրանց նպատակն ուղղակի հասարակության շրջանում ատելություն տարածելն է»:

Կարծում է Թբիլիսիի պետհամալսարանի դասախոս Թամարա Ցոփուրաշվիլին: Նա Դավիթ Աղմաշենեբելի պողոտայում հավաքվածների առջև ելույթ ունենալով, հիշեցրեց. այս թաղամասը, որտեղ մի քանի օր առաջ «ծայրահեղական տրամադրություններ տարածեցին ազգայնականները», կառուցվել է գերմանացիների կողմից, իսկ Դավիթ Աղմաշենեբելին, ում անունով կոչվում է փողոցը, բազմամազգ Վրաստանը, երկրի բազմազանությունը ստեղծողներից է. «Նրանք չգիտեն մեր երկրի պատմությունը, չգիտեն, որ Ռութավելիի անվան թատրոնը կառուցվել է թիֆլիսահայ մեկենասի միջոցներով: Սա է իսկական Վրաստանը`հարուստ տարբեր ազգերի ներկայացուցիչներով ու իր բազմազանությամբ»:

Թբիլիսիում Կանանաց համերաշխության ակցիան անցկացվեց այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության նախկին ներկայացուցիչ Թաթիա Դոլիձեն անդրադառնալով «Վրացիներին քայլերթ»-ին` ֆեյսբուքյան իր էջում քննադատեց այն: Քայլերթի կազմակերպիչները ծայրահեղ կարծիքներ արտահայտեցին` սպառնալով նրան խմբակային բռնաբարության ենթարկել:

Back to top button