ԿարևորՀասարակություն

PR մրցանակաբաշխության հատուկ մրցանակը՝ Հանրային ռադիոյին

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «Արարատ» կոնյակի գործարան… Հայաստանի հանրային ռադիո: Իհարկե, այս ցանկը կարելի է շարունակել: Նրանք բոլորն այս տարվա PR ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրներն են:

Սփյուռքի նախարարության հատուկ մրցանակը Հայաստանի հանրային ռադիոյինն է՝ Սփյուռք-Հայաստան գործունեության ամրապնդմանը նպաստելու, Սփյուռքում Հայաստանի ձայնը, ինչպես նաև՝ Հայաստանում Սփյուռքի ձայնը օբյեկտիվորեն ու բազմակողմանի ներկայացնելու համար։

PR ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի տեղի ունեցավ Երևանի Երազ այգում:

Հայաստան-Սփյուռք գործունեությունն ամրադնպելու համար Հանրային ռադիոն արժանացավ PR մրցանակաբաշխության հատուկ մրցանակի։ Մրցանակը սահմանել է Սփյուռքի նախարարությունը։

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն ասում է, որ ռադիոյին նայում է որպես համահայկական լրատվամիջոցի: «Մենք փորձում ենք Հանրային ռադիոն տեսնել ոչ միայն որպես Հայաստանի հանրային ռադիո, այլ որպես հայերի, ամբողջ հայության համար աշխատող ռադիո»։

Սփյուռքահայ Հրաչուհի-Մարի Պողոսյանը մի քանի տարի է մշտական բնակություն է հաստատալ հայրենքում։ Ասում է՝ ռադիոն միշտ կապող օղակ է եղել Հայաստանի ու Սփյուռքի միջև, ստեղծել ավանդույթներ, որոնք հատուկ են միայն ռադիոյին։ Ինչպես այսօր, վաղը նույնպես, վստահեցնում է տիկին Պողոսյանը, ռադիոն մտերմացնելու է Սփյուռքում ապրողներին ու կատարելու շատ կարևոր հայապահպան առաքելությունը։

Հայաստան- Սփյուռք կապերում Հանրային ռադիոն ընդհանուր օղակ է երկու կողմերի համար էլ։ Սակայն ռադիոյի տնօրենն ասում է, որ ռադիոյի լրագրողական խնդիրը Հայաստան-Սփյուռք կապերը ամրապնդելը չէ, այլ ներկայացնելը համատեղ խնդիրներն ու հոգսերը։

Այսօր Հայաստանի հետ Սփյուռքի կապերն ավելի բաց են։ Տիկին Պողոսյանն ուրախությամբ նշում է, որ փոխվել է ռադիոյի տեխնոլոգիական դերը միայն, իսկ ռադիոն հիմնական նշանակությամբ նոր սենդի համար էլ շարունակում է մնալ հայրենիքին կապող միակ օղակը։

PR մրցանակաբաշխությունն իրականացնում է հայկական PR ասոցիացան։ Ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանն ասում է՝ մեկ տարի շարունակ խոշորացույցի տակ են պահել պետական գերատեսչությունները, մասնավոր սեկտորը, բանկային համակարգը՝ այդ ձևով ոչ միայն ընտրելու լավագույններին, այլև վեր հանելու կարևոր խնդիրներ։

Տարբեր անվանակարգերում մրցանակներ ստացան ինչպես կազմակերպությունները, պետական գերատեսչությունները, այնպես էլ անհատներ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից։

Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն իր մրցանակն ստանալիս կարևորեց Արցախի ներգրավվածությունը նմանատիպ միջոցառումներում և առաջարկեց մյուս տարի մրցանակաբաշխությունն անցկացնել Արցախում։

Back to top button