Մշակույթ

Օտարերկրացի կամավորներն օթևանել են արգելոց-թանգարանի տարածքում

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքը վերածվել է յուրօրինակ ճամբարի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2017» ծրագրի շրջանակում հուլիսի 13-ից մեր երկրում են աշխարհի տարբեր անկյուններից (Կորեա, Հոնկոնգ, Իսպանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Լեհաստան, Լատվիա) ժամանած 14 երիտասարդ կամավորներ: Նախապես ներկայացված տարբեր երկրների ցանկից կամավորներն ընտրել են հենց Հայաստանը ու ժամանել «Հայաստանի ուսանողական ջոկատներ» (ՀՈՒՋ) կազմակերպության միջոցով, հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գործող ճամբարում օտարերկրացի երիտասարդներն առաջին անգամ են: Ճամբարի պետ Տաթևիկ Մկրտչյանի խոսքով, օտարերկրացի երիտասարդների համար մեծ պատիվ ու բացառիկ հնարավորություն է ոչ միայն տեսնել 7-րդ դարի հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշալի կառույցը՝ Զվարթնոց տաճարը, այլև ապրել դրա հարևանությամբ, հիանալ խորհրդավոր ավերակների գեղեցկությամբ, շրջել տաճարի տարածքում ու փոքրիկ «ներդրում» ունենալ նրա պահպանության գործում։ Նրանք մասնակցել են արգելոց-թանգարանի սանիտարական մաքրման աշխատանքին։
Ծրագրի շրջանակում ճամբարի մասնակիցների համար ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժինը նախաձեռնել էր գեղանկարչության վարպետության դաս, որն անցկացրել է գեղանկարիչ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի նկարիչ Արեգ Միրիջանյանը։ Նրա մի քանի խորհուրդներից ու տարբեր նյութերի հետ աշխատելու նրբությունները բացատրելուց հետո, երիտասարդները թղթին են հանձնել Զվարթնոց տաճարի իրենց ընկալումը։

Մոտ մեկ ժամ անց ճեպանկարներն արդեն պատրաստ էին. թատերական դեկորացիա հայկական մոտիվներով, Զվարթնոցը՝ իսպանական արևի ջերմությամբ կամ Արարատի տեսարան՝ Զվարթնոց տաճարից, սրանք երիտասարդների աշխատանքներին գեղանկարիչ Արեգ Միրիջանյանի տված վերնագրերն են։ Ի դեպ, երիտասարդներից ոչ մեկը նկարչական կրթություն չի ստացել։ Շատերը նկարում էին առաջին անգամ։  Երիտասարդներից շատերը ցանկություն են հայտնել դիտել «Խոստումը» ֆիլմը: Կամավորները Հայաստանից կմեկնեն հուլիսի 27-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button