Հասարակություն

Ինչ է իրականում կատարվում դպրոցներում. «Ռադիոլուրը» մի բողոքի հետքերով

Դպրոցում տնօրենի պաշտոնում ընտրվում են միայն այն անձինք, ովքեր վերևից հովանավորներ ունեն՝ լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է կրթության  փորձագետ Անահիտ Բախշյանը: Ըստ նրա՝ դա է նաև պատճառը, որ դպրոցներում անպատժելիության մթնոլորտ է տիրում: Իբրև փաստ՝ Անահիտ Բախշյանը նմանատիպ մի քանի օրինակի է անդրադարձել: Նման մի քանի օրինակ էլ եղել է Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 դպրոցում:

Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 դպրոցի ուսուցչուհի Լուսինե Թադևոսյանին իր դպրոցի տնօրինությունը նկատողություն է տվել: Պատճառը` մանկխորհրդի նիստի ժամանակ հուղարկավորության մասնակցելն է եղել: Սակայն, ինչպես Լուսինե Թադեւոսյանն է պնդում, ինքը հուղարկավորության գնալու համար զգուշացրել է դպրոցի տնօրենի քարտուղարին եւ ուսմասվարին: Իսկ ուսմասվարն ու տնօրենի քարտուղարը հրաժարվում են` նշելով, որ իրենց Թադևոսյանը չի զգուշացրել:

Բայց սա դեռ ամենը չէ. պարզվում է դպրոցի տնօրինությունը իրականում մեկ այլ պատճառ է գտել 25 տարվա մանկավարժին նախատելու համար՝ լրագրողների հետ զրույցում նշեց Լուսինե Թադևոսյանի  ներկայացուցիչ իրավաբան Հայկազ Մակարյանը: Լուսինե Թադևոսյանը Բյուրականի գյուղապետի մասին ֆեյսբուք սոցիալական ցանցում բացասական գրառում է կատարել:

Ի դեպ՝ 3 տարի առաջ նմանատիպ խնդիրների մեջ էր հայտնվել  դպրոցի մեկ այլ ուսուցչուհի ևս: Դպրոցի ուսուցչուհի Հայրենուհի Գևորգյանն էլ դպրոցում կոռուպցիոն դրսևորումների կոնկրետ փաստեր ուներ, որը ներկայացրել էր մամուլին:

Դպրոցում անպատժելիության մթնոլորտի մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է նաև կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:  Այնպես, ինչպես մեր պետությունում քաղաքական ընտրությունները չեն կայանում, այդպես էլ չի կայանում դպրոցի տնօրենի ընտրությունը՝ նկատում է նա: Ըստ Անահիտ Բախշյանի՝ դպրոցի տնօրենին ընտրում է ոչ թե դպրոցի խորհուրդը, այլ նրա թիկունքին կանգնած հովանավորը: Ու քանի որ տնօրեն են դառնում ոչ պատահական և հովանավորված անձինք, ուստի հարկ եղած դեպքում նույն այդ տնօրենը երբեք պատասխանատվության չի ենթարկվում:

Փոխարենը նկատողություն են տալիս մի ուսուցչուհու, ով ընդամենը մանկխորհրդի նիստին չի մասնակցել, ինչը, ըստ Բախշյանի, չի կարող նկատողության հիմք հանդիսանալ:

Թե որն է եղել նկատողության իրական պատճառը, դպրոցից չհաջողվեց պարզել: Մեր զանգերն անպատասխան մնացին: Կապ հաստատեցինք Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մամիկոն Աբգարյանի հետ:

«Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝ Մամիկոն Աբգարյանը շեշտեց, որ խորհրդի նիստից անհարգելի բացակայության համար ուսուցչին կարելի է ոչ միայն նկատողություն հայտնել, այլեւ ազատել աշխատանքից։

Back to top button