Ռուսական կիրիլիցան՝ ընդդեմ մեսրոպյան այբուբենի


Ռուսերեն այսօր խոսում է աշխարհում 278 միլիոն մարդ։ Այն ամենատարածված սլավոնական լեզուներից է։ Պետական լեզու է համարվում Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում եւ Ղրղզստանում: Այժմ հերթը հասել է Հայաստանին: Համենայնդեպս՝ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի թեթեւ ձեռքով Հայաստանում ռուսերենին կարգավիճակ տալու հարցը կրկին քննարկումների օրակարգում է: Այն, ըստ էության, որոշ չափով ստվերեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջին պաշտոնական այցը, որի ընթացքում էլ հենց արվեց մեծ հնչեղություն ստացած առաջարկությունը:
Մի քանի րոպե երեւանյան փողոցներում շրջելն անգամ բավարար է հասկանալու, որ ռուսերենին այստեղ՝ Հայաստանում, կիրառվող է: Ռուսերեն գրառումներ անգամ տաքսի ծառայության մեքենաների վրա, ռուսերենով միմյանց հետ զրուցող անցորդներ: Ընդ որում՝ երեւում է, որ զրուցողները զբոսաշրջիկներ չեն: Շատ հաճախ մեծահասակներն են փորձում իրենց երեխաներին ընտելացնել մի լեզվի, որը Հայաստան պետությունում պաշտոնական կարգավիճակ ամենեւին չունի: Հայաստանում ռուսերենը պաշտոնական երկրորդ լեզու ընդունելու առաջարկին անցորդները վերաբերում են հանգիստ: Կարծիքները, կարելի է ասել, հավասարաչափ են բաշխվում:
Այս առումով իրավիճակն այլ է վիրտուալ տիրույթում՝ դժգոհությունները շատ են, քննադատությունները սուր, շատերն առաջարկի մեջ Հայաստանի ինքնիշխանությանն ուղղված վտանգ են տեսնում, գնահատականները հատկապես Ռուսաստանի հասցեին՝ անհարիր բառապաշարով են: Համացանցի հարթակում առաջիններից կարծիքը ներկայացրեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: «Նրանք, ովքեր ուզում են Ռուսաստանում վարորդ աշխատել ու նոր կարգի համաձայն իրենց հայաստանյան վկայականները չեն ճանաչվում, պետք է դա անեն առանց Հայաստանը գրավ դնելու: Սիրելի եղբայրներ ու քույրեր, ավելի ազնիվ է հրաժարվեք Հայաստանի քաղաքացիությունից ու ընդունեք Ռուսաստանի քաղաքացիություն՝ բոլոր արտոնություններով հանդերձ, սիրեք ձեր Հայրենիքը թեկուզեւ հեռվից, Հայրենիքն էլ ձեզ կսիրի, բայց այն մի դարձրեք այլ պետության ձեռքում խաղալիք ու նրա հաշվին սեփական խնդիրները լուծելու միջոց»:
Խնդրին կտրուկ դեմ արտահայտվողներից առանձնացրել ենք մի քանի գրառում եւս:
«Է՛,հետո՞,որոշ հայեր էլ մեկնել են Չինաստան՝ աշխատելու, ոմանք էլ՝ եվրոպական որեւէ պետություն: Բոլոր պետություններում գտնվող աշխարհասփյուռ հայերի համար աշխարհի բոլոր լեզուներին կարգավիճա՞կ շնորհենք»:
«Դա բացահայտ քաղաքական շանտաժ է: Ռուսերենը դպրոցներում պետք է սահմանափակվի: Այն պետք է լինի կամավոր (ֆակուլտատիվ) և դասվի կրոնի պատմության ու շախմատի կարևորության մակարդակին: Այդքանը խոպանչիկներին բավական է»:
Հայաստանում ռուսերերին պաշտոնական կարգավիճակ տալու կողմնակիցները համացանցում քիչ են: Նրանց կողմից ներկայացվող հակափաստարկները հետեւյալն են.
«Իսկ դեմ եղողները քայլո՞ւմ են դեռեւս երեւանյան կոչվող փողոցներով: Դեմ են, որ անգլերենը հանկարծ չտուժի՞, քանի որ անգլերենն է արդեն խժռում հայերենը»:
«Բայց դա սովորական մարդու որոշելիքն էլ չի: Ո՞վ իմացավ, որ ատեստատներն էլ են ռուսերենով տալիս։ Փաստորեն վերեւների մակարդակով որոշված է, էնպես որ պետք չի առանց այն էլ հոգսերի տակ կքած խեղճ խոպանչիներին մի հատ էլ մեղքերի մեջ թաթախենք»:
Ահա այսպիսի կտրուկ արձագանքները կանխատեսելով, հավանաբար, հայ պաշտոնյաները երեկվանից շտապում են պարզաբանել եւ հավաստիացնել, որ ռուսական առաջարկին արժանի հակահարված տվել են: Այդպիսի հաղորդագրություն է տարածվել թե ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, թե արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի անունից: Նշվում է, որ Արա Բաբլոյանը Մոսկվայում պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Հայաստանի Հանրապետության օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա»:
Հայաստանի բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, նրա կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը: Շատերն արդեն փորձում են պարզաբանել, որ հարցի հետ կապված աղմուկն ավելին է, քան՝ իրականում կարիք կա: Ռուսական կողմի պատկերացմամբ, սա պարզապես խնդրի լուծման տարբերակներից մեկն է:
Կոնկրետ ռուսերենի դեպքում, եւ հատկապես վարորդական իրավունքների խնդրի պարագայում, նախկին պատգամավորի համոզմամբ՝ խախտվում է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը:
Ի դեպ, վարորդական իրավունքների հետ կապված խնդրի լուծման տարբերակներին հայկական եւ ռուսական կողմերը որոշել են անդրադառնալ ապագայում: