Հասարակություն

Խաղալիք գնելիս պահանջեք սերտիֆիկատ. Բաբկեն Պիպոյան


Թեեւ տարեցտարի Հայաստանում ավելանում է խաղալիքների տեսականին, սակայն վաճառվող խաղալիքների անվտանգության հարցը խիստ մտահոգիչ է: Շուկայում դրանց որակի ու անվտանգության նկատմամբ վերահսկողություն չի իրականացվում «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը և թվարկել վտանգավոր խաղալիքների  հնարավոր վտանգները՝  նյարդային համակարգի խնդիրներից  մինչև ասթմա, ալերգիա, քաղցկեղ ու մաշկային տարբեր խնդիրներ:

Տարիներ շարունակ խաղալիքների շուկան մնացել է վերահսկողությունից դուրս՝ ահազանգում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Ոչ պարենային ապրանքների շուկայում մեծ ռիսկ պարունակող խաղալիքները լաբորատոր փորձաքննություն չեն անցնում ոչ Հայաստանի սահմանին, ոչ էլ տնտեսվարողների կողմից՝ բացառությամբ մի քանիսի: Դժբախտաբար՝ խաղալիքների անվտանգությունը երաշխավորողը  հիմնականում ոչինչ չասող փաստաթղթերն են:

Եթե խաղալիքը չունի սերտիֆիկատ, որեւէ մեկը չի կարող երաշխավորել նրա անվտանգությունը, ուստի սպառողը ոչ միայն իրավունք ունի, այլեւ պարտավոր է խաղալիք գնելիս պահանջել անվտանգությունը երաշխավորող սերտիֆիկատ:  «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն սոցիոլոգիական հարցումների ընթացքում պարզել է, որ սպառողների շրջանում ապրանքը գնելու առաջնահերթությունների մեջ սերտիֆիկատների պահանջը ամենաքիչն է: Երբ երեխան խաղալիքը բերանն է տանում, ոչ ոք հենց այնպես չի կարող ասել, թե ինչ ծանր մետաղներով  է թունավորված այն, կամ ինչ քաղցկեղածին տարրեր է պարունակում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Պիպոյանը՝ կոչ անելով հասարակությանը խաղալիքներ ձեռք բերելիս պահանջել անվտանգությունը երաշխավորող սերտիֆիկատներ:

Պիպոյանը սպառողներին հորդորում է խաղալիքի անվտանգությունը չպայմանավորել նրա թանկ կամ էժան լինելով:  Խաղալիք ձեռքբերելիս ուշադրություն դարձնել մակնշմանը, ստուգել անվանումը, արտադրող երկիրը, արտադրողի ապրանքային նշանը, արտադրման տարեթիվն ու պիտանելիության ժամկետը: Պետք է ուշադիր լինել նաև, թե որ տարիքային խմբի համար է  նախատեսված խաղալիքը, ինչպիսին են պահպանման  եւ օգտագործման պայմանները։  Թե ինչու է խաղալիքների շուկան վերահսկողությունից դուրս մնացել, հետաքրքրվեցինք հենց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանից:

Շուկան մեծ է, անելիքները շատ՝ «Ռադիոլուր» հետ զրույցում փաստեց Լևոն Խալիկյանը: Հարցիս, թե արդյո՞ք համապատասխան սերտիֆիկատի առկայությունը ամբողջովին երաշխավորում է խաղալիքի որակը, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը դրական պատասխան տվեց:

Իհարկե՝ կարևոր են նաև խաղալիքի պահպանման և տեղափոխման պայմանները, ինչը ևս կարող է որակի վրա ազդեցություն ունենալ: Ամենակարևորը, սակայն, սպառողի իրազեկվածությունն է՝ ընդգծեց զուցակիցս: Գնորդը չպետք է ամաչի սերտիֆիկատ պահանջելուց, դա իր իրավունքն է:

Ցուցադրել ավելի
Back to top button