Արդեն 6 օր հրշեջները փորձում են մարել Հաղթանակ թաղամասի աղբավայրում բռնկված հրդեհը (տեսանյութ)


Արդեն 6 օր հրշեջները փորձում են մարել Երևանի Հաղթանակ թաղամասի աղբավայրում բռնկված հրդեհը: 911 ծառայությունը հրդեհի մասին ահազանգը ստացել հուլիսի 13-ին, բայց ինչպես «Ռադիոլուր»-ին հայտնել են դեպքի վայրում աշխատող ԱԻՆ-ի աշխատակիցները, հրդեհը բռնկվել է ավելի վաղ՝ հուլիսի 11-ին: Հիմնական վտանգը՝ հրդեհի տարածումը դեպի բնակելի վայրեր, կասեցված է, բայց հրդեհն ամբողջությամբ դեռ մարված չէ ՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Փրկարար ծառայության Երևանի վարչության Աջափնյակ բաժնի պետ Կորյուն Արզումանյանը:
«Ընդհանուր աղբավայրի տարածքը 10 հա է. հրդեհը տարածվել է 6.5 հա-ում: Հրդեհը կասեցրել ենք աղբավայրի ամենավտանգավոր տեղամասում, որը կենցաղային աղբի հատվածն է»:
Այն պահին, երբ «Ռադիոլուր»-ը եղել է աղբավայրում, դեպքի վայրում աշխատել է 4 մարտական հաշվարկ, քաղաքապետարանի կոմունալ բաժնի ջրատարներ և հատուկ տեխնիկա: