Մշակույթ

Սիրով լցված փառատոնը. «Ոսկե ծիրան-2017»

Պատմություն դարձավ նաև 14-րդ «Ոսկե ծիրանը»: Ֆիլմերը ցուցադրվում էին ոչ միայն կինոթատրոններում, այլ նաև տարբեր հարթակներում Վերջապես «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին: Սակայն այս «Ոսկե ծիրանն» ուղեկցվեց նաեւ սկանդալով։ Սեռական փոքրամասնություններից մասին պատմող ֆիլմերին ցուցադրությունը բողոքի ալիքի պատճառով հանվեց ծրագրից։ Սկանդալին փառատոնի տնօրենն անդրադարձավ դրա ավարտից հետո միայն։

7 օր շարունակ Երևանն ապրում ու շնչում էր արվեստով: Հրաշալի ֆիլմեր ու վարպետության դասընթացներ, բացօթյա ցուցադրություններ Երևանի տարբեր համայնքներում և ֆանտաստիկ երաժշտություն Շառլ Ազնավուրի հրապարակում: Եթե «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային փառատոնի բացման արարողությունը տոն է, որով ազդարարվում է 7- օրյա կինոշքերթը, ապա փակման արարողությունը կրկնակի տոն է. ամփոփվում են այդ օրերի կատարված աշխատանքները:

Մասնագետները բարձր գնահատեցին իրանցի ռեժիսոր Մոհամմեդ Ռասևլոֆի «Անկաշառը» ֆիլմը, որը շաբաթներ առաջ արժանացել էր նաև Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին «Հատուկ հայացք» ծրագրում: Հրանտ Մաթևոսյանի անունը կրող մրցանակը լավագույն սցենարական աշխատանքի համար ուղարկվեց Միացյալ Նահանգներ «Դոնալդը լաց եղավ» ֆիլմի սցենարիստ Քրիս Ավետիսյանին։ «Հայկական համայնապատկեր» -ում  լավագույն դերասանական խաղի համար մրցանակ շնորհվեց Սամվել Թադևոսյանին «Կյանք ու կռիվ» ֆիլմում գլխավոր հերոսի կերպարը մարմնավորելու համար։ Հայկական համայնապատկերում լավագույնը ճանաչվեց «Դոնալդը լաց եղավ» ֆիլմը:

Եվ վերջապես՝  ժյուրիի որոշմամբ լավագույն ֆիլմ ճանաչվեց Սանալ Կումար Սասիդհարանի հնդկական «Ցանկալի դուրգան», որը մինչ «Ոսկե ծիրանը» գլխավոր մրցանակի էր արժանացել նաև Ռոտերդամի կինոփառատոնում։ Ամփոփելով փառատոնի արդյունքները՝ վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրին ներկայացնող հանրահայտ Յուջին Քորը փառատոնը ներշնչող ու ջերմ որակեց, ասաց, որ հայերին բնորոշ է բացվելու մշակույթը: Նաև նշեց, որ իր համար մեծ փորձառություն էր փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվելը:

«Ես տարբեր փառատոների եմ մասնակցել, բայց այս մեկն իսկապես այն հարթակն է, որտեղ կարող են համադրվել տարբեր առանցքներ, անչափ մեծ դրական լիցք կար»:

Եթե Յուջին Քորի համար այս փառատոնը ջերմություն է ներշնչում, ապա միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ Հյու Հադսոնի ձեւակերպմամբ՝ «Ոսկե ծիրանիի» առանցքում սերն էր:

«Իհարկե հիմնական հաղթող ֆիլմը սիրո մասին չէր, բայց փառատոնն ամբողջությամբ լցված էր սիրով»:

Փոխարենը փառատոնի ղեկավար Հարություն Խաչատրյանն այս տարի խուսափում էր գնահատականներ հնչեցնելուց: Պատճառը ԼԳԲՏ համայնքի մասին պատմող աղմուկ հանած ֆիլմերն էին, կամ ավելի ճիշտ՝ ծրագրից դրանք դուրս թողնելը: Կինոմիությունը հրաժարվեց ցուցադրել այդ ֆիլմերը: Արդյունքում՝ ամբողջ ծրագիրը հանվեց, ինչը զայրացրել է փառատոնի ղեկավարին:

Իսկ այդ ֆիլմերի ցուցադրությանն ու առավել ևս փառատոնում ընդգրկվելուն դեմ էին մի շարք կառույցներ, այդ թվում ՝ Հայոց եկեղեցին և կինոմիությունը: Մեծ աղմուկ էր բարձրացել նաև համացանցում, ուստի փառատոնն այս տարի մեկնարկեց բողոքի ակցիայով:

«Ոչ այլասերման քարոզին» պաստառներով՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ հավաքված  մի խումբ մարդիկ շարունակում էին զգուշացնել. փառատոնի շրջանակներում փորձ է արվում Հայաստանում իրականացնել այլասերվածության ու սոդոմական պղծությունների քարոզ երկու ցուցադրվելիք ֆիլմերի միջոցով։ Նման երևույթները ոչ միայն անթույլատրելի են, այլև չեն կարող անպատիժ մնալ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց բողոքի ակցիաի ղեկավար, «Համահայկական ծնողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Արման Բոշյանը:

«Ոսկե ծիրան» 14- րդն ավարտվեց։ Արդեն սկսվել են հաջորդ տարվա փառատոնի նաքապատրաստական աշխատանքները։ Իսկ 2018- ը «Ոսկե ծիրանի» համար հոբելյանական է։

Back to top button