Տնտեսական

Ներքին պարտքը պարտքային ճգնաժամի չի կարող հանգեցնել. ֆիննախ


Հայաստանի այս կառավարությունը նախորդից ժառանգեց  պարտքային բավականին մեծ բեռ: 2016-ի վերջում այն կազմում էր ՀՆԱ-ի 52,2 տոկոսը՝ մոտ  6 մլրդ դոլար: Պարտքի կառուցվածքում 80 տոկոսից ավելին արտարժութային վարկերն են: Կառավարությունում շարունակում են պնդել՝ պարտքը ռիսկային չէ, նկատում են՝  եթե տնտեսությունը զարգանում է, ներդրումներ են ներգրավվում: Այժմ  ֆինանսների նախարարությունը փոխում է  պարտքի ներգրավման քաղաքականությունը՝ ավելացնելով ներքին պարտքը:  Ֆինանսների նախարարը, վկայակոչելով միջազգային փորձը,  պնդում է՝ ներքին պարտքը պարտքային ճգնաժամի չի կարող  հանգեցնել: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի»  հետ զրույցում  նկատում է՝ պետական պարտքը դիտարկելիս   20 տոկոսը՝ 1,2 մլրդ դոլարը, ներքին աղբյուրների հաշվին է, հիմնականում ներառված են պարտատոմսերը, սակայն այստեղ վստահության պակաս է նկատվում:


Տարբեր հաշվարկներով` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ կամքից, տարիքից ու սեռից,  անգամ ցանկությունից,  մոտ 2000 դոլար պարտք ունի։ Հայաստանի տնտեսական աճը ութ անգամ պակաս է արտաքին պարտքից՝ ասում են տնտեսագետներն ու անհանգստանում՝ շուտով  մեր երկիրն ի վիճակի չի լինելու կատարել իր պարտքային պարտավորությունները:  Ֆինանսների նախարարությունն էլ  շարունակում է պնդել՝ անհանգստանալու կարիք չկա: Անհանգստանալ պետք  չէ, սակայն պարտքի ներգրավման քաղաքականությունում փոփոխություններն ավելի քան անհրաժեշտ են: Եվ ահա Հայաստանի  կառավարությունը  պարտքի ներգրավման նոր քաղաքականություն է որդեգրել՝ ավելացնել ներքին պարտքը: Պարտքի ճգնաժամը ներքին պարտքից չի լինում՝վստահեցնում է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ մեջբերելով միջազգային փորձը : Պարզաբանում է՝ ներքին պարտքի դեպքում փողը մնում է  երկրում, ներդրվում տնտեսության մեջ:

«Ներքին պարտքը գործիք է, որը օգնում է, որպեսզի դու հարկաբյուջետային քաղաքականությունը սահուն  իրականացնես: Օգնում է, որպեսզի դու կարողանաս անհրաժեշտ ժամանակահատվածում  նաև բուֆերներ ձևավորես»:

Ներքին պարտքը նաև ֆինանսական  շուկայում ուղենիշներ է սահմանում՝ ասում է նախարարը: Եկամուտների թերակատարման պարագայում ներքին պարտքի հաշվին փակվել է դեֆիցիտը՝  թողարկելով 170 մլրդ դրամի ներքին պարտք, արդյունքում՝

«Կարողացել ենք հասել նաև նրան, որ տոկոսադրույքները էականորեն նվազել են: Օրինակ, կարճաժամկետ պարտքի տոկոսադրույքները  շուրջ 5 տոկոսային կետով ընկել են, ընդհանուր պարտքի միջին տոկոսը՝ 2016-ի ընթացքում 2015-ի համեմատ շուրջ 3.2 տոկոսային կետով նվազել է»:

Արամյանը կարծում է, որ սրանք ձեռքբերումներ փաստող  ցուցանիշեր են: Հայաստանի կառավարությունը 2016թ պարտքի գծով վճարել է 98,3 մլրդ դրամ տոկոսավճար, որը կազմում է պետական բյուջեի եկամուտների 8,7  կամ ՀՆԱ-ի 1,9 տոկոսը:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ պետական պարտքը դիտարկելիս  20 տոկոսը՝ 1,2 մլրդ դոլարը, ներքին աղբյուրների հաշվին է, հիմնականում ներառված են պարտատոմսերը:

Տնտեսագետը նաև լուծումներ է առաջարկում. «Այստեղ կարելի է դիտարկել այն հարցը, որ շատ է խոսվում պետություն- մասնավոր հատված համագործակցության նախագծերի շուրջ՝ պարտատոսմերի մասին և այլն: Սրա համար չափազանց կարելի է հավատը: Մենք վստահության մասին շատ ենք խոսում, սակայն, եթե ուսումնասիրենք բանկային համակարգի միտումները, չնայած տոսոադրույքները նվազում են, սակայն, ավանդները ավելանում են՝մոտ 23 տոկոսով  2016-ին 2015-ի նկատմամբ ավանդները ավելացել են:  Մենք անգամ ավելի ցածր եկամտաբերության պայմաններում էլ ավանդն ենք նախընտրում: Պարտատոմսերի դեպքում հատկապես ֆիզիկական անձանց պարագայում, եկամտահարկով չեն հարկվում»:

Սա տնտեսագետը վստահության պակասով է պայմանավորում: Ֆինանսների նախարարությունը փորձում է  պարտատոմսերի շուկան ակտիվացնել: Արդեն մի քանի ամիս է, ինչ  հնարավոր է պարտատոմս ձեռք բերել  էլեկտրոնային եղանակով:  Ֆիզիկական անձանցից մինչ այժմ ներգրավվել է 2,5 մլրդ դրամ, գումարն ուղղվել է բյուջեի դեֆիցիտի  կրճատմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button