Տնտեսական

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները լավատես են ԵԱՏՄ- ում զարգացումներ նկատմամբ

Մի քանի օր առաջ Հայաստանում նշվում էր, ինչպես նաեւ ամփոփվում էր Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության երկու տարին: Թեեւ սպասելիքները չեն արդարացվել, բայց Հայաստանում դեռ լուրջ սպասելիքներ ունեն այդ ինտեգրացիոն հարթակից: Որոշակի զարգացման միտումներ առաջիկայի համար վերջերս կանխատեսում են նաեւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունները։ Նոր սպասելիքների համար սրանք հիմքեր են, բայց Եվրասիական փորձագիտական ակումբի փորձագետներն ուսումնասիրել են նաեւ թվերը եւ եկել են եզրահանգման, թե ինչ կարելի է իրականում սպասել ԵԱՏՄ-ից:

 

Հայաստանում դեռ չեն շտապում հիասթափվել ԵԱՏՄ-ին անդամակցությունից, թեեւ ակնկալիքներն ու իրականությունը վերջին երկու տարվա կտրվածքով դեռեւս չեն համընկնում: Ղազախստանի, Բելառուսի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները գրեթե չեն աճել, Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունները՝ 24-ից հազիվ հասել են 28 տոկոսի: Ակնկալիքները, սակայն, սրանով չեն սահմանափակվում։ Հայաստանը դեռ սպասելիքներ ունի՝ վերջերս հայտարարեց արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը Արա Ղազարյանը:

Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության առումով ունեցած նոր լավ լուրը շտապում են փոխանցել Եվրասիական փորձագիտական ակումբի փորձագետները: Ուսումնասիրել են Հայաստանի տնտեսական վիճակը 2017թ. առաջին հինգ ամիսներին եւ եզրակացրել՝ ԵԱՏՄ անդամ երկրները գտնվում են տնտեսական վերելքի ճանապարհին: Անգամ արեւմտյան հեղինակավոր կազմակերպություններն են դա արձանագրել եւ վերանայել կանխատեսումները սպասվող տնտեսական աճի մասով՝ վկայակոչում է փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագետ Աշոտ Թեւիկյանը:

Վատ ցուցանիշեր ունեցող ոլորտներին Հայաստանում գալիս են փոխարինելու նոր՝ ավելի շուտ վաղուց մոռացված ոլորտները: Նախկին պատգամավոր, <<Ինտեգրացիա եւ զարգացում>> հկ նախագահ եւ փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը նախանշում է, թե հեռանկարները որ ոլորտների համար են բացվում` վերամշակող, տեքստիլ, կոշիկի արտադրություն։

Հայ փորձագետներին ոգեւորության համար հիմք է հանդիսացել նաեւ երկու օր առաջ Ռուսաստանի ԿԲ նախագահի հայտարարությունը, թե այդ երկիրը մտել է տնտեսական զարգացման փուլ: Իսկ քանի որ ընդհանուր սպասումների ֆոնը դրական է, այստեղ արդեն կարեւոր են դառնում մանրուքները: Այստեղ Արամ Սաֆարյանն առանձնացնում է հարկային, մաքսային, վարկային ու բանկային մարմինների աշխատանքն ու ամենակարեւորը՝ դրանց համագործակցությունը մասնավոր հատվածի հետ:

Երկամյա զարգացումներն ու լավատեսական հայտարարությունները հոռետեսների տրամադրություններս դեռ չեն փոխել։ Վերջերս Աժ-ում պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարությանը կրկին հիշեցրեց ԵՄ 500 միլիոնանոց շուկայի փոխարեն ընտրված ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկան: Զարգանալու առումով կոնկրետ քայլեր պատգամավորը դեռեւս չի տեսել եւ չի արձանագրել։

Այնպես չէ, որ Եվրասիական փորձագիտական ակումբի ուսումնասիրությունն առանձնացնում է միայն դրականը: Ակումբի փորձագետներն արձանագրել են, որ ՌԴ-Արեւմուտք առճակատումը չի ավարտվելու, շարունակվելու է պատժամիջոցների քաղաքականությունը: Այդուհանդերձ՝ վստահ են, որ Հայաստանն այս տարին կարող է փակել անգամ 3.4 տոկոս տնտեսական աճով, թեեւ շոշափելի փոփոխություններ կզգացվի  առնվազն 7 տոկոսանոց աճի դեպքում:

Back to top button