Համայնք, որտեղ մարդիկ ունեն երազանք ու համառորեն գնում են իրենց երազանքի հետևից, որտեղ մրցակցային առավելության են վերածել դժվարանցանելի, քարուքանդ ճանապարհներն ու անմշակ հողերը՝ որպես թունաքիմիկատներց զերծ հողեր: Հայաստանի եզակի համայնքներից մեկը, որտեղ զարգացման համար արտաքին ներդրողներին ոչ միայն չեն սպասում , այլև մերժում են, որովհետև, ինչպես ասում են, իրենց գյուղը ներքին ռեսուրսներով են սարքել <<շոկոլադ>>, իսկ ներդրողը պիտի գա ու մտածի միայն իր եկամուտների մասին: Բիզնեսը կապականի գյուղը: Կարճ ասած՝ Կալավան, Հայաստանում շատերիս գուցե անհայտ, բայց հազարավոր արտասահմանցի զբոսաշրջիկների գայթակղած համայնք Գեղարքունիքի մարզում: Վերջին տարիներին այս տարեկան 2.5 հազար զբոսաշրջիկ են ընդունել։
Կալավան տանող դժվարանցանելի, քարուքանդ ճանապարհը նախնադար է հիշեցնում: Գյուղացի վարորդները ոչ միայն մեզ, այլև Իսրայելից, Պերուից, Ավստրալիայից ու Չիլիից եկած զբոսաշրջիկներին վիլիսիով են տեղափոխում Կալավան: «Սա հենց այն թույլ կողմն է, որը վերածել ենք մրցակցային առավելության: Կալավանով հետաքրքված մարդը գիտի, որ գնում է դրախտային վայր, իսկ ասֆալտը երբեք դրախտ չի տանում>>,- ասում է կալավանցի, «Time Land» գիտաուսումնական հիմնադրամի 36-ամյա տնօրեն Ռոբերտ Ղուկասյանն ու հավելում. «Այն պահին, երբ վիլիսը փոխարինվի ջիպով, գյուղի հետաքրքրությունը կկորի>>:
Ոչ մարդուն են ուզում փոխել այստեղ, ոչ բնությունը: Համայնքը զարգացնում են՝ օգտագործելով ունեցած ողջ ներուժը: Նախկինում ամբողջությամբ ադրբեջանաբնակ գյուղն 80-ականներից հետո վերաբնակեցվեց հիմնականում Ադրբեջանի Շամխորի շրջանի Բարում գյուղի մեր հայրենակիցներով: Ռոբերտի ընտանիքը Սումգայիթից էր: Մասնագիտությամբ հնագետ ու կենդանաբան երիտասարդը գյուղի զարգացման իր ինքնատիպ ծրագիրն իրականացնում է 2013-ին հիմնած «Time Land» հիմնադրամի միջոցով: Ինչպես սկսեցիք՝ հարցին արձագանքում է ՝ 20 դոլարով: Ընկերներս եկան, այդ 20 դոլարով անտառում քարեդարյա կացարան սարքեցինք, ճաշեցինք, ու միտքը ծնվեց՝ ասում է։ Ռոբերտը հորինեց Մամոնտ խաղը: «Զբոսաշրջիկները գալիս են այստեղ ու սկսում ապրել քարեդարյա մարդու կյանքով։ Ինքնուրույն կրակ են ստանում, գործիքներ եւ քարեդարյա կացարան սարքում»:
«Կարեւորն այն է, որ գյուղացիները հասկացան՝ նրանք արժեք են, ոչ թե ձայն»,- ասում է Ռոբերտը: Շուրջ 120 բնակիչ ունի Կալավանը: Նրանց մեծ մասն այս կամ այն կերպ ներգրավված է զբոսաշրջության ոլորտում։ Մեկն իր վիլիսով զբոսաշրջիկներին է գյուղ հասցնում, մյուսը՝ զբոսաշրջիկներին ընդունում, 3-րդը՝ խոհանոցով զբաղվում: Ռոբերտն ասում է՝ գյուղի կանայք հատուկ տաղանդ ունեն, բույսերով 102 տեսակի ճաշատեսակ են պատրաստում: Կալավանի խնդիրն այսօր կացարանների բացակայությունն է, որի պատճառով էլ հիմնադրամը ժամանակավոր դադար է վերցրել։
Խնդիրները Կալավանը որոշել է հաղթահարել ինքնուորույն: Այստեղ կտրականապես մերժում են արտաքին ներդրողների մուտքը։ «Մերժում ենք այլ ներդրումներ, որովհետեւ մենք ունենք երազանք եւ ինքներս պիտի այն իրականացնենք: Մերժում ենք, որովհետեւ մեր ներքին ռեսուրսներով սարքել ենք «շոկոլադ» գյուղ, ու դրա հիման վրա բիզնեսմենը գա իր եկամո՞ւտն ապահովի: Բիզնեսը գյուղը կապականի: Ուրիշն այստեղ գործ չունի, ամեն ինչ ինքներս ենք անելու»:
Կալավանն այսօր ունի երազանք՝ գյուղացիներին կապել գյուղին: «Թայմ լենդ» հիմնադրամի ղեկավարի համոզմամբ՝ ամենամեծ հաղթանակը, թերևս դա է, կալավանցիք իրենց ապագան գյուղում են տեսնում: Իր երեխաների ապագան էլ նա Կալավանում է տեսնում, ասում է .<<Իմ նախաձեռնած ծրագրի հիմնական պատճառը հենց նրանք էին, որովհետև եթե ծնողներս ունեին իմ հարցի պատասխանը, թե ինչու ես չմեծացա իմ ծննդավայրում, ապա ես իմ երեխաների համար որևէ պատասխան չունեի: