Քաղաքական

Կուսակցությունների խոշորացման թեման՝ օրակարգային


Հայաստանյան քաղաքական դաշտն արդեն տեսել է, թե ինչպես են քաղաքական տվյալ պահի խնդիրները լուծելու համար ձեւավորվում դաշինքներ, որոնք, սակայն, երկար կյանք չեն ունենում: Կուսակցությունների խոշորացման անհրաժեշտությունը թեեւ կա, բայց անգամ խորհրդարանական ընտրությունները առիթ չեն դառնում այդ խնդիրը լուծելու համար: Ավելին՝ խորհրդարանական աշխատանքն իր փորձով է ապացուցել, որ դաշինքներով ձեւավորված խմբակցությունները հետագայում ունենում են լուրջ կարգապահական եւ ներքին խնդիրներ: Դրա վառ ապացույցը նախորդ խորհրդարանում թերեւս «Ժառանգություն» խմբակցությունն էր, երբ լիազորությունների ավարտին այդ ուժը լիովին փոշիացել էր խորհրդարանում եւ պարզ չէր, թե ով է այն ներկայացնում:

 


Կուսակցական համակարգի կայացումը թերեւս կարեւորագույն նախապայմանն է խորհրդարանական կառավարման համար: Բայց  հայաստանյան 80 կուսակցություններից այս անգամ խորհրդարանում լսվելու է ընդամենը մի քանիսի ձայնը, այն պարզ պատճառով, որ հսկայական թվով կուսակցություններին շարքային քաղաքացին ծանոթ էլ չէ: Գրանցվածներից շատերը պարզապես «մարդ-կուսակցություն» են, որոնք ոչինչ չեն ասում շարքային ընտրողին: Կուսակցությունների ներկայացվածությունը օրենսդիր մարմնում կրճատվել է նախորդի համեմատ: Նախորդ գումարման Աժ-ում աշխատում էր 6 խմբակցություն, այսօր ընդամենը 4-ն է: Սա է պատճառը, որ կրկին օրակարգային են դարձել կուսակցությունների խոշորացման անհրաժեշտության մասին խոսակցությունները:

ԱԺ նախկին նախագահ, նաեւ Հանրապետական կուսակցության նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանն է: 2008-ից հրաժարվեց ինչպես իր զբաղեցրած պաշտոնից, այնպես էլ հարազատ՝ Հանրապետական կուսակցությունից: Իր ղեկավարման տարիներին, ի դեպ, խորհրդարանն ունեցել է 8 խմբակցություն եւ մի շարք անկախ պատգամավորներ: Թորոսյանն այսօր զբաղվում է փորձագիտական եւ վերլուծական աշխատանքով: Փորձագետի խորհրդով փորձեցինք հայաստանյան կուսակցությունների մասին զրուցել քաղաքացիների հետ:

Կարճաժամկետ կտրվածքով պարզ է, որ Հայաստանը գնում է խորհրդարանական կառավարման: Այդ համակարգի կայացման համար փորձագետ Տիգրան Թորոսյանն առանձնացնում է երկու գործոն՝ բազմակուսակցական համակարգը եւ մասնագիտական հանրության կայացումն ու համագործակցությունը պետական կառույցների հետ:

Աժ-ում արդեն ձեւավորվում է «Անալիտիկ խորհուրդ»-ը, որում ընդգրկվում են տարբեր ուղղվածության քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ փորձագետներ: Կուսակցական համակարգի կայացումն ավելի բարդ ընթացակարգ է պահանջում: Հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո արտախորհրդարանական կուսակցությունների մոտ ժամանակավոր դադար է արձանագրվել, որը հայտնի չէ, թե որքան դեռ կշարունակվի: Թեեւ վերջին ընտրություններից առաջ ձեւավորվեցին նոր դաշինքներ եւ տեղի ունեցան նոր միավորումներ, բայց խորհրդարանական ընտրությունները կուսակցությունների խոշորացման պատճառ չդարձան:

Անհրաժեշտ ձեւափոխումների մասին թերեւս խոսում է «Ժառանգություն» կուսակցությունը: Նախորդ խորհրդարանում այս քաղաքական ուժն իր ցուցակներով օրենսդիր մարմին բերեց մի շարք այլ կուսակցությունների ներկայացուցիչների, այս անգամ դաշինք կազմեց եւ կրկին տապալվեց՝ անցնող ճանապարհին կորցնելով իր անդամներին: Կուսակցական վերափոխումների համար «Ժառանգության» հիմնադիրն այժմ նոր ժամկետներ է սահմանել՝ մինչեւ 2018-ի ապրիլ:

Ահա այսպիսի խոշորացումը կրկին կլինի անարդյունավետ՝ կարծում է փորձագետ Տիգրան Թորոսյանը:

Ի դեպ, վերջերս համահայկական կուսակցությունների ֆորում անցկացվեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Հայկական քաղաքական օրակարգի մասին խոսելու, մտորելու եւ վերլուծելու համար այնտեղ հավաքվել էին ընդամենը 15 կուսակցության ներկայացուցիչ Հայաստանից եւ 6 կուսակցության ներկայացուցիչ Արցախից:

Back to top button