Հասարակություն

Սոցիալական ուղղվածության նախագծեր՝ կառավարության այսօրյա նիստում

Կառավարությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը։ Վարչապետն ու  նախարարները դեռ արձակուրդ չեն մեկնում: Կառավարության այս նիստում  Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը հրաժեշտ է  տվել իր պաշտոնին: Նրան փոխարինել է մեկ այլ դաշնակցական՝ Աշոտ Սիմոնյանը: Գործադիրում այսօր սոցիալական ուղղվածության նախագծերն էին:

 

Հայաստանում սոցիալական  պաշտպանության ոլորտը միշտ գտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում: 35 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում պատահական չէ, որ բյուջեի առյուծի բաժինը հենց այս ոլորտին է  հատկացվում՝ նպաստներ, թոշակներ ու ոչ միայն:  Տարիներ շարունակ այս ոլորտում խոսվում է  փոշիացումների, չարաշահումների մասին, սակայն՝ առանց ապացույցների: Եվ ահա, Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշեց արմատապես փոխել սոցիալական ապահովության  գնահատման  մոտեցումներն ու մեթոդաբանությունը:  Այսօր հաստատված նախագծով, ներառվում են արմատապես նոր մոտեցումներ՝ հստակեցրեց աշխատանքի ու սոցիալական հարցի նախարար Արտեմ Ասատրյանը:

Առաջարկվող նախագծով՝ անապահով ընտանիքներում երեխաների առկայությունը սոցիալական անապահովության կշիռը կբարձրացնի։ Նման ընտանիքները աղքատության տեսանկյունից ավելի ռիսկային կդիտարկվեն: Միայնակ տարեցներն ու բազմազավակ ընտանիքները նույնպես առավելություններ կունենան: Միաժամանակ փորձ կարվի աշխատունակ անձանց ոչ թե սոցիալական նպաստներ վճարել, այլ վերջիններիս աջակցել, որպեսզի կարողանան աշխատանք գտնել: Ներկա կարգի համաձայն, ընտանիքը երեխայի 18 տարին լրանալուց հետո զրկվում է միավորներից։ Այժմ 18-19 տարեկանը կդիտարկվի միջանկյալ տարիք՝ հնարավորություն տալով երեխային ուսանող դառնալ  կամ աշխատանք գտնել:  Կառավարության նախորդ նիստում ընտանիքների անապահովման  գնահատման խնդրին գրեթե միշտ անդրադառնում է  վարչապետ Կարեն Կարապետյանը:

Եվ ահա վարչապետի հանձնարարականով, այսուհետ անապահով ընտանիքների մասին տեղեկատվությունը ամբողջական կլինի: Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ,  անապահով ընտանիքների մուտքի ու ելքի մասին տեղեկատվություն կհավաքեն:

Ամբողջական տեղեկատվություն կունենան նաև անշարժ գույքի կադաստրի գործարքների ու տրանսֆերտների ստացման մասին։ Արդյունքում՝ կստեղծվի միասնական բազա։ Սա էլ, ըստ նախարարի, հասցեականաությունը կավելացնի:

Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ, առաջիկա երկու ամսում միասնական էլեկտրոնային համակարգի նկարագիրը պատրաստ կլինի: Սոցիալական մեկ այլ նախագծի մասին նույնպես՝ այսուհետ ԴԱՀԿ-ն  կկարողանա  բռնագանձել քաղաքացու միակ անշարժ գույքն այն դեպքում, եթե դրա կադաստրային արժեքը գերազանցում է 4 մլն 900 հազար  դրամը: Նպատակը՝ քաղաքացիներին փողոցում հայտնվելու վտանգից զերծ պահելն է։

Back to top button