ԿարևորՔաղաքական

Արցախի նախագահի ընտրությունը` հուլիսի 19-ին. թեկնածուները երկուսն են

Արցախի նախագահի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 19-ին: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Հայտարարությունում ասվում է.

«Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչեւ գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածուներ են առաջադրում գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 64 եւ ոչ ուշ, քան 57 օր առաջ:

Սահմանված կարգով եւ ժամկետներում՝ սույն թվականի հուլիսի 5-12-ը ներառյալ, Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկու թեկնածու՝

Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը («Շարժում -88»  խմբակցության կողմից),

Բակո Սահակի Սահակյանը («Հայրենիք», «Դաշնակցություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունների կողմից):

Հաշվի առնելով Հանրապետության նախագահի ընտրության համար  Սահմանադրությամբ նախատեսված ժամկետները եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրությունը տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստում, որն իրավունքի ուժով կգումարվի 2017 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 11.00-ին»:

Ցուցադրել ավելի
Back to top button