Հասարակություն

Հերթական տհաճ անակնկալը մեր գրպանին. վարորդները ահազանգում են


Մինչ վարորդները ակնկալում են «Կարմիր գծերից» ազատում, օգոստոսի 1-ից այդ վճարովի կայանատեղիների համար հաղորդագրությամբ վճարելու դեպքում դրանց վարձը կթանկանա՝ 1 ժամ կայանելու համար նախկին 100 դրամի փոխարեն կազմելով 149 դրամ: Այս լուրն, իհարկե, առաջացրել է վարորդների դժգոհությունը, և ոչ միայն: Ո՞վ է սահմանել նոր սակագինը, եթե եւ քաղաքապետարանը, եւ բջջային կապի օպերատորը հայտարարում են, որ ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում: Անփոփոխ է մնում նաև միջնորդավճարը:

«Կարմիր գծերը» քաղաքապետարանին հանձնելուց հետո դրանց սպասարկումն իրականացնող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը օրերս բջջային հաղորդագրություններով հերթական տհաճ անակնկալը մատուցեց վարորդներին: Վճարովի կայանատեղիների վարձն օգոստոսի 1-ից կթանկանա: Եթե նախկինում կարմիր գծերում կայանելու մեկ ժամն արժեր 100 դրամ, ապա օգոստոսի 1-ից 1045 հեռախոսահամարին ուղարկվող sms-ը կարժենա 149 դրամ: Փաստորեն՝ հերթական թանկացումն ու հերթական հարվածը մեր գրպանին՝ ահազանգում են վարորդները:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը կարծում է, որ սա հերթական հարկատեսակն է, ինչպես օրինակ՝ գույքահարկը և տեխզննման հարկը: Այս ամենը մեկ նպատակ ունի, ասում է, վարորդներին ստիպել ակամա վճարել մեկ տարվա սպասարկման վարձը, այն է՝ 12000 դրամ:

Այս խնդրին օրերս անդրադարձել են ԱԺ «ԲՀԿ» և «Ելք» խմբակցությունների պատգամավորները: Վերջիններս քննադատել են  փոփոխությունը՝ բավականին կոշտ որակում տալով դրան: Արսեն Պետրոսյանն, իհարկե, ողջունում է պատգամավորների նման արձագանքը, միևնույն ժամանակ հետաքրքիր զուգադիպություն է նկատում: Ավանդաբար՝ բոլոր տեսակի թանկացումներն արվում են օգոստոսին, երբ ԱԺ-ն արձակուրդ է գնում:

Այս բոլոր քննարկումներին կարճ ժամանակ անց հաջորդեց  քաղաքապետարանի պարզաբանումը: Քաղաքապետարանից հայտնում են, որ՝ ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում. այն շարունակելու է կազմել 1 ժամվա համար՝ 100, 1 օրվա համար՝ 500 դրամ, 1 շաբաթվա համար՝ 1000, 1 ամսվա համար՝ 2000, 1 տարվա համար /մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը/՝ 12000 դրամ:

Գանձվող գումարի փոփոխությունը վերաբերում է SMS հաղորդագրության միջոցով գանձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարներին և ավելացված արժեքի հարկին: Չուշացավ նաև բջջային օպերատորներից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի արձագանքը: Բջջային օպերատորը տեղեկացնում է, որ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի համար գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն ընկերության իրավասության շրջանակներից դուրս են: Միջնորդավճարի ավելացման առնչությամբ ընկերությունը որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել, եւ նախկինում կնքված պայմանագրի համաձայն՝ այդ ծառայության համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին վճարվող միջնորդավճարի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ: Եթե Քաղաքապետարանը ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխում, ոչ էլ բջջային օպերատորն է միջնորդավճար գանձում, այդ դեպքում ով է բարձրացնում կայանման վարձավճարը եւ ո՞ւր է գնալու հավելյալ գումարը, հետաքրքրվեցինք հենց «Փարքինգ սիթի սերվիսից»:

Որքան էլ ընկերությունը պնդի, թե վարձավճարը չի թանկանում, գաղտնիք չէ, որ ոչ բոլոր վայրերում կա տերմինալ: Ուստի անկախ բացատրություններից փաստ է՝ օգոստոսի 1-ից վճարելու ենք 50 տոկոսով ավելի գումար:

Ցուցադրել ավելի
Back to top button