Ինչպես կրթության ոլորտի բարեփոխումները հասցնել դասարան


Կառավարության ծրագիրը ոչինչ չասող բայերի հավաքածու է՝ ամրապնդել, մշակել, բարելավել և այլն: Ոչ մի խոսք՝ մեխանիզմների մասին: Գնալով պակասում է կրթության բարեփոխումներին ուղղված գումարի չափը: Այս տարվա միասնական քննություններն էլ ապացուցեցին, որ նախորդ բարեփոխումները անօգուտ են եղել: Հատկապես բնագիտության ոլորտում սարսափելի վիճակ է՝ լրագրողների հետ զրույցում այսօր ասել է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Անդրադառնալով կառավարության հաստատած 2018-2020թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրով՝ կրթության ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերին՝ փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ խոստովանել է, որ նման փաստաթղթերն իրեն այլևս չեն հետաքրքրում: Կոնկրետ քայլեր են պետք, այդ բարեփոխումը պետք է հասնի դասարան, երեխային:
Ցանկացած բարեփոխում ենթադրում է ֆինանսավորում: Այս առումով՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը չի հասկանում, թե կառավարությունն ինչ բարեփոխում պետք է անի, երբ կրթության ոլորտին հատկացվող ֆինանսավորումը ոչ թե աճում, այլ տարեց տարի նվազում է:
Այն, որ բարեփոխումները մնում են պարզապես թղթի վրա, ապացուցում են նաև միասնական քննությունների արդյունքները: Անահիտ Բախշյանին հատկապես մտահոգում են վերջին տարիների բնագիտական առարկաների քննական արդյունքները:
Թե ինչ է գրված կառավարության ծրագրում, փորձագետ Սերոբ Խաչատրյանին այլևս հետաքրքիր չէ: Այլևս ոչ ոք չի հավատում խոսքերին, հստակ քայլեր են անհրաժեշտ՝ ասում է:
Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ այդ բոլոր բարեփոխումները մնում են օդից կախված, կամ ճանապարհին աղճատվում են և ավելի վնասակար են դառնում: Արդյո՞ք ֆինանսավորման ավելացումն իսկապես կլուծեր ոլորտի խնդիրները, կամ արդյո՞ք ամբողջությամբ կուղղվեր նպատակին. պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին՝ Անահիտ Բախշյանը նշեց, որ այդ գումարները նպատակին չեն ծառայել անգամ նախկինում:
Այս առումով մինչև չլինեն կոնկրետ քայլեր, կրթության փորձագետները ոչ բարեփոխման ծրագրին լուրջ կվերաբերվեն, ոչ էլ վստահ կլինեն այդ հատկացվող գումարների հասցեական ծախսմանը:
Կառավարության հաստատած 2018-2020թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրով՝ կրթության ոլորտին պետական բյուջեով նախատեսված է հատկացնել 2018 թվականին ՀՆԱ-ի 2 տոկոսից մի փոքր ավելի (2.18%), 2019 (1.99%) և 2020 թվականներին (1.85%)՝ 2 տոկոսից պակաս։ Ավելի վաղ՝ Սերոբ Խաչատրյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սա խայտառակ ցուցանիշ է։ «Միջինում երկրները կրթությանը հատկացնում են ՀՆԱ-ի 4%-ը։ Եթե կրթության որևէ մասնագետի ասեք, որ ձեր երկիրը 2%-ից ցածր է հատկացնում կրթությանը, ապա պարզապես լուրջ չեն ընդունի ձեզ։ Օրինակ՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը 2.2% է տալիս կրթությանը, Բենինը և Բուրկինա Ֆասոն՝ 4%- ից ավելի։ Այսպիսով՝ Հայաստանի կրթության կարգախոսը հետևյալն է. գեղեցիկ խոսքեր‚ հավակնոտ ծրագրեր‚ բայց ոչ մի կոպեկ փող»,- գրել էր նա։