Քաղաքական

ԿԸՀ հաշվետվությունը` սուր մթնոլորտում


Այսօր խորհրդարանը շարունակել է նախորդ շաբաթվանից կիսատ մնացած արտահերթ նստաշրջանը: Օրակարգում էին մի շարք պետական կառույցների տարեկան հաշվետվությունները: Դրանք ներկայացնելու համար այսօր խորհրդարան էին եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Քննարկումները որոշ դեպքերում ընթանում էին սուր մթնոլորտում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հայտնեց մի իրավիճակում, երբ իրեն հիշեցրեցին այն ամենը, ինչ պահել էին հոգու խորքում: Տիգրան Մուկուչյանը եկել էր Աժ՝  նախորդ տարվա աշխատանքների հաշվետվությունը ներկայացնելու, եւ ահա հենց այստեղ էլ նրան հիշեցրին եւ խորհրդարանական եւ ՏԻՄ անցած ընտրությունները:

Հայաստանյան ընտրական համակարգի առեղծվածներից չբացահայտվածը շարունակում է մնալ «բոնուսային» կոչվող համակարգը: Հատկապես Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո անգամ մաթեմատիկոսների հետ ուսումնասիրությունները ընդդիմադիրների համար լույս չեն սփռել այդ վիճարկվող հարցի վրա:

Մուկուչյանը խոստովանեց՝ ընտրողների ձայների ցածր տոկոս ստացած Բալասանյանին Գյումրիի քաղաքապետ «կարգելու» մտադրություն ամենեւին չի ունեցել, դա ստացվեց «բոնուսային» համակարգի կիրառման արդյունքում: Իսկ համակարգը, ինչպես հայտնի է, կիրառվում է առաջադեմ շատ երկրներում: Մուկուչյանի վրա ընդդիմադիր պատգամավորների գրոհից այսօր անակնկալի եկավ անգամ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեց, որ ապրիլից հետո պատգամավորներից որեւէ մեկից նման քննադատություններ չի լսել:

«Ելք» խմբակցությունից պատգամավոր Էդմոն Մարուքյանը փորձեց այս հարցում լինել արդարացի, որպեսզի մեղքի բաժինը ու նաեւ համապատասխան բեռը համաչափ բաշխվի: Ըստ այդմ՝ բեռի հսկայական մասը, ըստ պատգամավորի, շարքային քաղաքացիներինն է:

Այն պահին, երբ Մուկուչյանը հնարավորություն ստացավ պատասխանելու հնչած մեղադրանքներին, նա չհամաձայնեց, որ հանրության մեջ ընտրությունների հանդեպ վստահությունը բարձրացնելու մասով ոչինչ չեն անում: Բոլոր այն ընտրախախտումները, որի մասին բարձրաձայնում է ընդդիմությունը, բավարար չէին քաղաքական ուժերից որեւէ մեկին պատժելու եւ ընտրապայքարից հանելու համար: Սա բացատրեց Մուկուչյանը, իսկ նախկին դատախազ, այժմ հանրապետական խմբակցությունից պատգամավոր Գագիկ Կոստանյանն իրավաբանության տեսանկյունից անգամ սպառնաց՝ եթե Մուկուչյանը մտներ այդ դաշտ՝ անձամբ դատի կտար նրան:

Գործող դատախազը, այո, այսօր խորհրդարանում էր, բայց պատգամավորները չկարողացան օգտվել նախկին դատախազ Կոստանյանի խորհուրդներից, այն պարզ պատճառով, որ դատախազն իր հաշվետվությունն ավելի շուտ էր ներկայացրել եւ արդեն գնացել էր: Տիգրան Մուկուչյանը թերեւս Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու գնահատականների հասցեատերն է: Հունիսի 15-ին Սվիտալսկին խոսել էր ԿԸՀ կազմի եւ անհրաժեշտ փոփոխությունների մասին: Ոմանք դա ընդունեցին որպես իշխանությունների քննադատություն, իշխանությունը դա ընկալեց իբրեւ պարզապես խորհուրդ: Լրագրողների հետ զրույցում այսօր Մուկուչյանը արդեն հստակեցրեց, որ դժվար կլինի իրագործել դեսպանի խորհուրդը: Մուկուչյանի ընկալմամբ այն վերաբերում է ոչ թե ԿԸՀ կազմի փոփոխությանը, այլ հանձնաժողովում քաղհասարակության ներկայացուցչի ընդգրկմանը:

ԿԸՀ հաշվետվությունը թեեւ ընթացավ սուր մթնոլորտում, բայց Մուկուչյանը համոզված է՝ վստահությունը ընտրական համակարգի եւ ԿԸՀ հանդեպ մեծացել է, քանի որ ամեն ինչը կատարվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Օրենսդիր մարմնի կարգի համաձայն՝  պատգամավորները քվեարկությամբ պարզապես ընդունում են ներկայացված հաշվետվությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button