Մշակույթ

20 ֆիլմ՝ «Հայկական համայնապատկեր» ազգային ծրագրում


«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնում 1100 հայտերից ընտրված 50 տասնյակ ֆիլմ կպայքարի հիմնական երեք մրցութային ծրագրերում։ Երկու տասնյակն ընդգրկված է «Հայկական համայնապատկեր» ազգային ծրագրում: Վերջինիս նպատակն է մի մրցույթում ընդգրկել և համագործակցության հարթակ ստեղծել աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող և ապրող հայերի համար:

 

 

Հայ երիտասարդի ինքնության որոնումը ժամանակակից Ստամբուլի անկյուններում: Քաղաքը՝ որպես մշակութային խառնարան, մշտապես սնում է Մուրատի կյանքը, իսկ նրա առօրյան երանգավորում են մարդիկ՝ նույնքան բազմազան, որքան քաղաքը: Թուրքական սուրճն ու թեյը, ձուկն ու ռաքին, քաղաքի եռուզեռն ու շոգենավի խաղաղ ընթացքը… Ստամբուլը Մուրատի համար պարզապես բնակության վայր չէ, ոչ էլ կացարան, այլ՝ հայրենիք:

Ինչպե՞ս են փոխազդում մարդն ու հասարակությունը, հիշողությունն ու ներկան, ազգայինն ու համամարդկայինը: «Մուրատ» ֆիլմ-ճամփորդություն է դեպի Մուրատի ինքնության բաց և փակ էջերը: Ֆիլմը ներկայացված է «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթին և Ֆիլմի ռեժիսորները  մեծ հույս ունեն, որ իրենց նախորդ ֆիլմի՝  «Ջիլիզից Ջիլիզ»-ի պես հաջողություն կունենա: Ֆիլմի համառեժիսոր  Մարինե Քոչարյանը Մուրատի հետ ծանոթացել է Ստամբուլում ցեղասպանության 100-րդ տարելիցին և հենց այդ ժամանակ էլ ծնվեց նրա մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը՝ պատմում է Մարինե Քոչարյանը:

Բավականին հետաքրքիր սցենար ունի նաև  Փանոս Աբրահամյանի «Օտարականը»: Ֆիլմը Այնճարին ուղղված սիրո ուղերձ է: Այնճարը մեծ մասամբ հայաբնակ ավան է գյուղական Լիբանանում՝ Սիրիայի սահմանից ընդամենը մի քանի մղոն է հեռու: էթնիկ-կրոնական այս փոքրամասնությունը  1930-ականների վերջին է Այնճարում հաստատվել`  խուսափելով հնարավոր հալածանքներից, քանի որ Առաջին աշխարհամարտի ընթացքում իրագործված Հայոց  ցեղասպանությունից ճիշտ քսան տարի անց`մեկ այլ պատերազմի նախօրեին, հայերը կրկին թուրքական իշխանությունների թիրախն էին դարձել: Ֆիլմը հետազոտում է առօրյան և անսովորը` ջանալով որսալ այս փոխակերպվող սահմանային մեկուսի համայնքի  վերացող դիմագիծը։  Ի տարբերություն «Մուրատի» այս ֆիլմում երիտասարդներ չկան: Հիմնականում տարեցներ են ու երեխաներ՝ ասում է «Օտարականի» ռեժիսոր Փանոս Աբրահամյանը:

«Հայկական համայնապատկեր» ծրագրում ընդգրկված ֆիլմերի 80 տոկոսը փառատոնային պրեմիերաներ են: Բավականին հետաքրքիր հայտեր են ներկայացված այս մրցույթին՝  ասում է մրցույթի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը՝ ընդգծելով, որ  փառատոնային ցուցադրության գլխավոր նպատակը քննարկումներ կազմակերպելն է:

Այս անվանակարգի նպատակն է մի մրցույթում ընդգրկել և համագործակցության հարթակ ստեղծել աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող և ապրող հայերի համար և ինչպես «Հայկական համայնապատկեր» մրցույթի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը ասաց, նախաձեռնությունն իսկապես ծառայում է իր նպատակին:

Back to top button