Տնտեսական

Ոռոգման ջրից մինչև մթերում. խնդիրները պարզաբանում է գյուղնախարարը


Ազգային  վիճակագրական ծառայության  այս տարվա հինգ ամիսների տվյալներով՝  գյուղատնտեսության ոլորտում  3,5 տոկոս անկում է արձանագրվել:   Բուսաբուծությունը  նվազել է,  անասնապահությունը՝ աճել: Վերջինիս աճ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով  իրականացվող «Արոտների ջրարբիացման ու  անասնապահության զարգացման ծրագրի» հաշվին է: Բուսաբուծության անկումը գյուղնախարարը անցյալ տարվա ցուրտ ձմեռով է  պայմանավորել: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այս տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքներն ու նախագծերն է   ներկայացրել, խոսել ոլորտում նոր սկսվող ու արդյունք ակնկալող ծրագրերից:  Մթերող ու վարկունակ կազմակերպությունները մատչելի պայմաններով վարկեր կստանան, փոխվում է  գյուղացիներին տրամադրվող  գյուղացիական վարկերի տրամաբանությունը: Օրակարգում նաև գյուղացիական ապահովագրության պիլոտային եռամյա ծրագիրն է: Գյուղատնտեսության ոլորտի հիմնական խնդիրներն ու գյուղատնտեսության նախարարի պարզաբանումները՝ «Ռադիոլուրի»ռեպորտաժում:

Գյուղատնտեսական եռուն շրջանում ոլորտում խնդիրների պակաս չկա՝ ոռոգման ջրից մինչև մթերում: Այսօր առավոտյան հերթական միջպետական ճանապարհը՝ Երևան- Վարդենիսը, փակվեց: Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչներն էին՝ դժգոհում են ոռոգման  ջրի բացակայությունից՝  կարտոֆիլի բերքը վտանգված է, իրենք էլ վարկերի վտանգի տակ են

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը խնդրից  տեղյակ է: Ավելին, «Ռադիոլուրի» խնդրանքով նա որոշ մանրամասներ ներկայացրեց։ Ջրային պետական կոմիտեում զրույցից   պարզել են՝  իրականում  խնդիրը ոռոգման ջրի բացակայության մեջ չէ, այլ՝ ոռոգման ջրի վարձավճարների ուշացման:

Ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ, թեեւ ժամանակավոր, չեն ունենա, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի ու  կարկտահարված մյուս համայնքների գյուղացիական տնտեսությունները:

Ոլորտի պատասխանատուի  փոխանցմամբ, մինչ կառավարությունը վերջնական որոշման կգա՝ գյուղացիները ոռոգման ջրից չեն զրկվի:  «Գյուղվարկերի  մասով  աշխատանքն սկսված է» ,- ասաց Իգնատի Առաքելյանը:

Այս օրերին ծիրանի մթերման ակտիվ սեզոնն է: Այս տարի փոքր ընկերությունները արտահանման խնդիրների առջև կանգնեցին: Նրանց փոխանցմամբ, Կրասնոդարի շուկայում չեն կարողանում իրացնել ծիրանը:

Գյուղնախարարն այս հարցի պատասխանն էլ ունի: Իգնատի Առաքելյանի պարզաբանմամբ. «Չեմ կարծում, որ Սպայկան խոչընդոտում է: Ոչ ոք չի կարող խոչընդոտել  ապրանք իրացնելու  հարցում: Այստեղ ավելի շատ գնորդի հարցն է: Գնորդը ցանկանում է աշխատել է ուզում երաշխավորված մատակարարի հետ»:

Մթերման դժվարություններից խուսափելու համար այս տարի կսկսեն վարկավորել մթերող ձեռնարկություններին:  Գյուղվարկերի տրամադրման քաղաքականությունն է փոխվում՝ հստակեցրեց Իգնատի Առաքելյանը: 3-10 մլն դրամ ՝ 5 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկ կստանան  գյուղատնտեսության զարգացման ծրագրեր ներկայացնող տնտեսությունները:  Օրակարգում նաև  գյուղացիական ապահովագրության ինստիտուտի ներդրման պիլոտային  եռամյա ծրագիրն է:

Back to top button