Մշակույթ

Արտաշես Հովսեփյանի հոգեհանգիստը կկայանա այսօր

Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյանի հոգեհանգիստը կկայանա երկուշաբթի հուլիսի 10-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում 18:00-20:00: Իսկ վերջին հրաժեշտի արարողությունը՝ երեքշաբթի հուլիսի 11-ին ժամը 13:00-14:00-ին Հայաստանի նկարիչների միությունից (Աբովյան 16) : Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին 86 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանը:

Արտաշես Հովսեփյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Նա ծնվել է ՀՀ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում: Եղել է գեղանկարիչ Զաքար Խաչատրյանի եղբայրը: Ավարտել է Սիսիանի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը, աշխատել բանվոր: 1954թ. ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, սակայն 2-րդ կուրսից նրան գործուղել են Սանկտ Պետերբուրգի Ի.Ն.Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, որն ավարտել է 1961թ.:

Արտաշես Հովսեփյանի` Մաեստրոյի (ինչպես իրեն անվանում էին արվեստակից ընկերները) արվեստին բնորոշ են ծավալապլաստիկ խնդիրների համարձակ և դիպուկ լուծումները, գեղարվեստական ընդհանրացման մեծ ուժն ու մոնումենտալիզմի խոր զգացողությունը: Ակադեմիական կերպարվեստի և քանդակագործության շունչն ու ոգին վերընձյուղելով իր խորապես հայկական էությանը, հարազատ Սյունյաց լեռների գեղեցկությամբ ներշնչված մտապատկերներին, Արտաշես Հովսեփյանը քանդակը վերածում էր երկրի ու մարդկանց մասին քարե պատմության, հուշարձանը՝ վերածում քարե պոետիկայի:

Նրա առավել հայտնի աշխատանքների թվին է պատկանում Ալեքսանդր Թամանյանի արձանը (1974 թ., Երևան, ճարտարապետ` Սեդա Պետրոսյան), Սուրբ Սարգիս եկեղեցու որմնաքանդակները (1975 թ., Երևան, ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի բակի խաչքարը (1975 թ.), Սիսիան քաղաքի մուտքի արծիվը (1975 թ.), Երևանի կոնյակի գործարանի որմնաքանդակները (1975-1993 թթ.), Կ. Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի որմնաքանդակները (1981 թ.), կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի արձանը (1987 թ., ճարտարապետ` Ֆենիքս Դարբինյան), գիտնականներ Օրբելի եղբայրների հուշարձանը (1988 թ., ք. Ծաղկաձոր, ճարտարապետ` Ռոմեո Ջուլհակյան):

Արտաշես Հովսեփյանը ստեղծել է նաև դիմաքանդակների հոյակերտ շարք, ինչպես նաև գրաֆիկական աշխատանքներ: Արվեստագետի վերջին ստեղծագործություններից մեկը արձակագիր Հրանտ Մաթևոսյանի արձանն է` գրողի անունը կրող դպրոցի բակում (2013 թ., Երևան):

Ցուցադրել ավելի
Back to top button