Մշակույթ

Նոր ձեռագիր՝ պատմամշակութային միջավայրում


Նոր ձեռագիր՝ պատմամշակութային միջավայրում. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրենի պաշտոնը շուրջ չորս ամիս առաջ ստանձնած Արա Թարվերդյանն առաջնորդվում է մեր հարուստ ժառանգությունը ոչ թե «խավարի մեջ թաղելու», այլ այն առավել արդյունավետ օգտագործելու և ներկայացնելու սկզբունքով: Հուշարձանը «խավարից հանելու» նպատակով կառույցը հետաքրքրիր միջոցառումներ կիրականացնի  մասնավորապես «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց- թանգարանում: Հետաքրքրիր ծրագիր կիրականացվի նաև  «Զվարթնոցում»:

«Հայաստան այցելած զբոսաշրջիկին առաջարկվող «Գառնի», «Գեղարդ» ու «Էջմիածին» ավանդական փաթեթի մեջ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց- թանգարանը երբևէ չի հայտնվում, մինչդեռ , ինչպես համոզված է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արա Թարվերդյանը,  այն պակաս հետաքրքրություն չի ներկայացնում, ինչպես և «Գլաձոր», «Ամբերդ», «Զորաց քարեր» ու ստվերում մնացած բազմաթիվ այլ հուշարձաններ»:

Տնօրենի խոսքով, «Մեծամորի» իրական գրավչությունը ներկայացնելու նպատակով այժմ իրականացվում է լայնածավալ ծրագիր. «Հուշարձանը պայմանականորեն երկու մասի կբաժանեի՝ թանգարան և հնագիտական տարածք, որտեղ մենք նախատեսում ենք կառուցել, այսպես ասած, արխեոպարկ: Ժամանակակից զբոսաշրջության մեջ սա շատ տարածված չէ, որովհետև ոչ բոլոր երկրներն ունեն այդ հնարավորությունը: Իսկ մենք ունենք ու դեռևս չենք օգտագործում: «Մեծամորի» մեծագույն արժեքը հենց այդ հնագիտական միջավայրն է, ինչպես նաև թանգարանը, որտեղ պահպանվում են, ուրարտական ժամանակաշրջանի, որոշ գիտնականների պնդմամբ՝ ավելի վաղ շրջանի հնագիտական բացառիկ արժեքներ, ոսկու նմուշներ, որոնք, թերևս, ամենատպավորիչն են: Մեծամորում դու հասկանում ես, թե արդյունաբերական ինչպիսի բարձր տեխնոլոգիաներ են կիրառել մեր նախնիներն այս տարածաշրջանում: Տեխնոլոգիաներ, որոնք առ այսօր շարունակում են «առեղծված» մնալ գիտնականների համար»:

Արա Թարվերդյանի հետագա ծրագրերում Մեծամորի հնագիտական մասում առանձնացված փոքրիկ տարածքն է, որտեղ զբոսաշրջիկները պայմանական պեղումներ իրականացնելու հնարավորություն կունենան: Իհարկե՛, այստեղ ամեն ինչ կլինի պայմանական. և՛ դամբարանը, և՛ «հնագիտական» առարկաները, և՛ գործիքները, բայց զբոսաշրջիկը կհագնի հնագետի հանդերձանքն ու կզբաղվի «հնագիտական» աշխատանքով՝ թեկուզև պայմանականորեն զգալով «դարերի փոշուց պատմությունը վեր հանելու» հնագիտական աշխատանքի բերկրանքը:

«Մեր նպատակը հետևյալն է՝ զբոսաշրջիկին հնարավորինս երկար ժամանակով պահել տեսարժան վայրի տարածքում: Միաժամանակ՝ ստեղծելով պայմաններ, որպեսզի այցելուի մեջ անհետանա ժամանակի զգացողությունը, այսինքն՝ այդ ժամանակը հագեցած լինի ամենատարբեր հետաքրքրություններով»:

Կարծրացած մտածելակերպը, թե այցելուն պետք է գա, տեսնի հուշարձանը, հիանա նրա գեղեցկությամբ ու գնա, ժամանակակից աշխարհում վաղուց հնացել է: Հուշարձանի գեղեցկությամբ հիանալուց զատ, այցելուի ժամանակը պետք է լցնել նաև այլ հետաքրքրություններով»,-համոզված է ՊՈԱԿ-ի տնօրենը:

Ի թիվս «այլ հետաքրքրությունների», Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունն Արցախի «Ղարաբաղ կարպետ» ընկերության հետ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կիրականացնի ցուցահանդես-վաճառք: Կտեղադրվեն կարպետագործության սարքեր և, զբոսաշրջիկը որոշակի գումարի դիմաց հենց «Զվարթնոցի» տարածքում հնարավորություն կունենա առնվազն մեկ ժամ զբաղվելու կարպետագործությամբ, այդպիսով հաղորդակցվելով նաև  հայկական ազգագրության կարևորագույն ճյուղերից մեկին:

«Հայաստան այցելած զբոսաշրջիկին մենք հնարավորություն ենք տալիս Երևանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա գտնվող «Զվարթնոցում» ծանոթանալու հայկական երկրորդ պետության՝ Արցախի գորգագործական ավանդույթներին, գնել գորգ՝ հուշանվերից մինչև ավելի մեծ չափերի: Այդ մասնիկն իր հետ տանելով զբոսաշրջիկն ավելի է կապվելու մեր երկրին ու նրա ավանդույթներին»:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության»  տնօրենի որդեգրած կարևորագույն սկզբունքներից մեկը.
«Մենք չենք սպասում, որ զբոսաշրջիկը գա ու գտնի մեզ. մենք ենք ընդառաջ գնում դեպի հուշարձանի հնարավոր այցելուն: Դա երկրի հյուրընկալության կարևորագույն օրենքներից մեկն է՝ մեծահոգաբար ու հնարավորինս մատչելի ներկայացնել այն, ինչ ունես»,-նկատում է Թարվերդյանը:

Back to top button