Տնտեսական

Արդյոք կառավարությունն ունի «ամբիցիոզ ցուցանիշերը» կյանքի կոչելու հնարավորություն


Տնտեսական  թեժ նախագծերը քննարկվում են  թեժ ամռանը:  Չնայած խորհրդարանական ամբիոնից  հնչող  բազմաթիվ քննադատություններին՝ նախորդ շաբաթ խորհրդարանն ընդունեց կառավարության գործունեության առաջիկա հինգ տարիների ծրագիրը:  Կառավարության վերջին նիստում էլ հաստատվեց 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Գուցե այս նախագիծն էլ թեժ քննարկվեր, եթե քննարկումները  ծավալվեին խորհրդարանում: Նախագիծը, սակայն, ներկայացվեց կառավարության նիստում:  Վերջին օրերին հաստատվող փաստաթղթերի հիմնական նպատակը  թերևս մեր երկրում  տնտեսական ու քաղաքական կյանքը բարելավումն է: Տնտեսական զարգացումները շղթայական ռեակցիայով նաև մեր՝ շարքային քաղաքացիներիս, կյանքի որակը կբարելավի: Սա պատասխանատուները խոստանում են առաջիկա տարիներին:

 

840 էջ՝ 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի ծավալն է: Այստեղ պատասխանատուները  կետ առ կետ, էջ առ էջ  շարադրել են տնտեսության զարգացման  հեռանկարները: Այն ուղղակի թե անուղղակի բխում է կառավարության գործունեության ծրագրից:  Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի տեղեկացմամբ, արտաքին աշխարհից եկող շոկերին դիմագրավելու համար ստիպված արտաքին պարտքն են ավելացրել:

Պարտադրված խախտել են նաև սեփական եկամուտներ և ընթացիկ ծախսեր հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարը խոստանում է՝ 2018-ից եկամուտները ծախսերից ավելին կլինեն։ Սա տնտեսական աճն ակտիվացնելու նպատակով:

Միջազգային փորձը վկայակոչելով՝ Արամյանը նշում է՝ պարտքը վտանգավոր չի լինի, եթե այն ուղղվում է  տնտեսության զարգացմանը:  Հաշվի առնելով հարկեր- ՀՆԱ  հարաբերակցությունը, բարձր ցուցանիշեր են ամրագրվել նաև առաջիկա երեք տարիների համար: Տարեց տարի բարձրանալու են նաև  տնտեսական ցուցանիշերը՝

«2017 թվականի համար կանխատեսվում է 3.3%, իսկ 2018-2020 թվականներին՝ համապատասխանաբար 4.7, 5.4 և 5.7% տնտեսական աճ»:

«Ամբիցիոզ ցուցանիշեր»,- վարչապետ Կարեն Կարապետյանն այսպես է բնորոշում ՄԾԾ-ում նախանշված թվերը

«Ծրագրով բավականին ամբիցիոզ սեփական եկամուտների մուտքերի աճ և շատ կոշտ հաստատուն ծախսերի կառավարում ենք նախատեսում: Նախատեսում ենք՝ տնտեսված միջոցներն ուղղել դեպի տնտեսական աճ»:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանից  փորձեցինք պարզել՝ ունի։ Արդյոք այս կառավարությունն այդ ամբիցիոզ ցուցանիշերը կյանքի կոչելու հնարավորություն: Կոշտ, սակայն, գործատուներին չվնասող  քաղաքականություն ՊԵԿ- ի աշխատանքներում Մակարյանը նկատել է: Եթե այսպես շարունակվի՝  արդյունքն ակնհայտ կլինի:

Որդեգրած քաղաքականությունը Գագիկ Մակարյանը տրամաբանական է համարում՝ ոչ թե առճակատման գնալ, այլ փոփոխություններ անել: Հարկային համակարգը Հայաստանում տնտեսական աճին  չէր նպաստում՝ ասում է ԳՀՄ նախագահը։

Առաջիկա տարիներին սոցիալական կյանքը բարելավելու և լավ ապրելու համար բոլոր հիմքերը տեսնում է Գագիկ Մակարյանը: Նրան հույս  է ներշնչում այս կառավարությունը: Միայն թե նկատում է՝ կադրային հարցում դեռ կաղում են:

Back to top button