Տնտեսական

Սեփական եկամուտների ամբիցիոզ աճ ենք նախատեսում. Կարեն Կարապետյան


Հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այն, ըստ անհրաժեշտության խմբագրական և այլ բնույթի ճշգրտումներից հետո, կներկայացվի ՀՀ կառավարության աշխատակազմ: Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման համակարգի ներդրումն ուղղված է, մասնավորապես,  լուծելու հետևյալ խնդիրները` բարելավել մակրոտնտեսական հաշվեկշռվածությունը՝ ի հաշիվ ռեսուրսների իրատեսական և համապարփակ փաթեթի ձևավորման, նպաստել պետական ֆինանսական միջոցների հաշվին կատարվող բյուջետային հատկացումների միջոլորտային և ներոլորտային արդյունավետ վերաբաշխմանը՝ ըստ գերակա ուղղությունների, բարելավել բյուջետային ծրագրերի գնահատման համակարգը և մեծացնել պետական ֆինանսների կառավարման թափանցիկության աստիճանը: Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: ՀՀ 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք կծառայի ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար, ինչպես նաև` ընկալելի կդարձնի ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ` հանրության համար կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավարությունը:

Գործադիրի ղեկավարը նշել է. «Ծրագրով  բավականին ամբիցիոզ սեփական եկամուտների մուտքերի աճ և շատ կոշտ հաստատուն ծախսերի կառավարում ենք նախատեսում: Նախատեսում ենք՝ տնտեսված միջոցներն ուղղել դեպի տնտեսական աճ: Բավականին դժվար իրագործելի հայտանիշեր ենք դնում՝ հարկ-ՀՆԱ հարաբերակցության, արտաքին պարտքի կայունության, դեֆիցիտի վերաբերյալ: Բոլորիցս պահանջվելու է մաքսիմալ համակարգված աշխատանք»:

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված պահանջներն ապահովելու համար կառավարությունը սահմանել է նաև հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և ձևերը: Այսպիսով՝ կկարգավորվի հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում օրենսգրքով սահմանված տեղեկությունների հրապարակման գործընթացը: Մասնավորապես նախատեսվում է,  որ պետք է հրապարակվեն  ոչ կարգապահ,  ինչպես նաև պետբյուջե խոշոր վճարումներ կատարած հարկ վճարողների մասին մանրամասն տեղեկություն: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է, որ հաշվետվությունը, թափանցիկ կառավարումը  չափազանց կարևոր գործընթաց է. «Մենք այդ ուղղությամբ ենք գնալու»:

 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button