ՏՏ-ռազմարդյունաբերություն համագործակցությունը սկսել է կայանալ


Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի կարծիքով՝ ՏՏ -ն դեռ PR է Հայաստանի ու մասնավորապես պաշտոնյաների համար, ամեն ինչ սահմանափակվում է ժապավեն կտրելով: Ծրագրերը ներկայացվում են համապատասխան մարմիններին, սակայն դրանք կյանքի չեն կոչվում: Կարեն Վարդանյանն այսօր ՏՏ ոլորտի խնդիրներից, մասնավորապես ռազմական արդյունաբերության զարգացման հեռանկարներից է խոսել: Ի տարբերություն նախկինի՝ պաշտպանական գերատեսչության հետ այժմ համագործակցություն կա, սակայն այն, ԻՏՁՄ տնօրենի խոսքով, շատ թույլ է։ Հայ գիտնականներն էլ պնդում են՝ հայկական գիտական միտքն ունակ է զարգացնել ռազմական արդյունաբերությունը:
Պատասխանատուները վստահորեն պնդում են՝ մեր երկրում ՏՏ ոլորտը զարգանում է արագ տեմպերով: Ավելին, հայտարարում ու կարևորում են ՏՏ ու ռազմարդյունաբերության կապը: Թեման ավելի արդիական դարձավ հատկապես 2016-ի ապրիլյան պատերազմից հետո: ԳԱԱ թղթակից անդամ, ռադիոֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանը վստահեցնում է՝ ներուժ ունեն, փորձում են ֆինանսական սուղ միջոցներով առավելագույն արդյունքներ ստանալ: Վերջին տարիներին, օրինակ, ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում դյուրակիր ռադարային համակարգ է ստեղծվել, որը նախատեսված է կարճ՝ 2-4 կմ հեռավորություններում շարժվող մարդկանց ու տեխնիկական միջոցների հայտնաբերման համար:
Լազերային համակարգերի, օպտիկա -մեխանիկական, կապի համակարգերի ստեղծման ներուժ ունենք՝ ասում է զրուցակիցս ու շեշտում՝ այսպես ասած խոցելի զենքերի արտադրության համար խոշոր մեքենագործական արտադրություն է պետք: Այդուհանդերձ, այժմ էլ ճակատում օգտագործվում են տարբեր սարքեր, որոնք մշակվել են ու արտադրվել Հայաստանում: Ակադեմիկոս Հախումյանը նաև նկատում է՝ աշխարհն այսօր գնում է դեպի «խելացի պատերազմի» , այլ ոչ թե քանակական ուժի: Նախապատվությունը տրվում է ինֆորմացիայի մշակմանը, խնդիրների արագ արձագանքմանը։ Այստեղ Հայաստանը գիտական մեծ ներուժ կա, սակայն կիրառման հետ կապված խնդիրներն են շատ։ Քիչ ֆինանսներ՝ սրամիտ լուծումներով, փորձում ենք մատչելի եղանակով որակյալ արտադրանք ստանալ՝ ասում է ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանն ու աշխարհում եզակի իրենց առաջարկը ներկայացնում:
«Կարող ենք առնվազն մինչև 3 կմ հեռավորության վրա բավականին մեծ լուծունակությամբ տալ պատկերը բավականին մեծ անկյունային բացվածքով՝ դա հիմնված է անտեսանելի լազերային ճառագայթման, ծռման հետևանքում ցրված ճառագայթման գրանցման վրա»:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը կարեւորում է ռազմարդյունաբերության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Նկատում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում համագործակցությունը թեեւ թույլ, բայց ստացում է:
Ռազմարդյունաբերության զարգացման իրենց տեսլականը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կառավարությանն է ներկայացրել «IT ոլորտի առաջիկա հինգ տարվա զարգացման» ծրագրում: Երեք ամիս անց նրանք դեռ պատասխանի են սպասում: