Հասարակություն

Որքա՞ն գումար է հարկավոր մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման համար


Մինչ Երևանի քաղաքային իշխանությունն ու Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը շարունակում են պնդել, որ մետրոպոլիտենի հետագա շինարարության համար համապատասխան ֆինանսներ են անհրաժեշտ, ինչը չկա, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ  Գուրգեն Մուշեղյանը շարունակում է մի շարք այլ գործոններ նշել, որոնք իսկապես խանգարում են, որպեսզի այսօր շարունակվի  մետրոյի շինարարությունը։ Դրանք են՝ տրանսպորտի բիզնեսը, քաղաքապետարանի չկամությունը: Ըստ նրա՝ ամեն ինչ արվում է, որ գծատերերի համար շահութաբեր լինի: Գուրգեն Մուշեղյանի հետ համակարծիք է նաև տնտեսագետ Սուրեն Սարգսյանը: Նա էլ առաջարկում է ստեղծել «Երևանյան մետրոպոլիտեն» հիմնադրամ, որտեղ ներդրում կանեն ինչպես պետությունը, այնպես էլ Սփյուռքի բարերարները:

 

 

 

Դեռ 1980-ական թվականներին, երբ Երևանում կառուցվում էր մետրոյի առաջին գիծը, նախատեսվում էր 2000–ականներին ունենալ 36 կայարան։ Այսօր երևանյան մետրոն ընդամենը 10 գործող կայարան ունի և 1 կիսավարտ ուղղություն, որի շինարարության մասին քննարկումները, որպես կանոն, ավարտվում են «փող չկա» պատճառաբանությամբ։

1980-ականների  Երևանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը պնդում է, որ մետրոյի շինարարությունը դեպի Աջափնյակ այսօր էլ կարող է շարունակվել, քանի որ այս ուղղությամբ գործի կեսն արված է։

Գուրգեն Մուշեղյանի խոսքով՝ շատ առիթներ են եղել, երբ Աջափնյակի մետրոն կարելի էր հանձնել շահագործման, որովհետև այնտեղ մոտավորապես 100 մլն դոլարի ներդրումներ են արվել: Ու քանի որ մեկ ամբողջական կայարանի շինարարության համար անհրաժեշտ է 150 միլիոն եվրո, ապա կիսատ կայարանների շինարարությունն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը 50 միլիոն, որովհետև թունելները գրեթե լրիվ պատրաստ են: Բացի դրանից՝ այնտեղ 6 հորաններ կան, որոնք ապահովում են շինարարության շարունակությունը: Այդ դեպքում՝ ինչն է պատճառը, որ կիսատ մնացած գործն ավարտին չի հասցվում, ինչն է խանգարում շինանրարության շարունակությանը: Գործոնները շատ են՝ պատասխանում է  Գուրգեն Մուշեղյանը:

Թե ինչն է խանգարում մետրոյի շաինարարությանը «Ռադիոլուրը» փորձեց պարզել հենց մետրոպոլիտենի ղեկավարությունից: «Ռադիոլուրի» գրավոր հարցմանն ի պատասխան ստացվեց հետևյալ գրավոր պատասխանը մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանից:

«Ի պատասխան ձեր գրության՝ ուզում ենք տեղեկացնել, որ Ձեր կողմից արծարծած թեմայի շուրջ օրեր առաջ ռադիոյի ուղիղ եթերում հարցազրույց են տվել մետրոպոլիտենի գլխավոր ինժեներն ու անվտանգության գծով տնօրենի տեղակալը, ինչպես նաև վերջին շրջանում մամուլում է քննարկվել տվյալ թեման, ուստի նպատակահարմար չենք գտնում նույնի կրկնությունը և իհարկե նորության դեպքում՝ սիրով կարձագանքնենք»:

Եվ իսկապես՝ ընդամենը մեկ ամիս առաջ մետրոպոլիտենի գլխավոր ինժեներ Սլավա Մկրտումյանն ու անվտանգության գծով տնօրենի տեղակալ Մուշեղ Բարսեղյանը  «Առավոտը հանրայինում» ծրագրի հյուրերն էին: Անդրադառնալով շինարարական աշխատանքների ընդհատմանը՝  ինժեներ Սլավա Մկրտումյանը ընդգծել էր, որ հիմնական պատճառը ֆինանսականն է:

Երևանի նախկին ճարտարապետի Գուրգեն Մուշեղյանի պես տնտեսագետ Սուրեն Սարգսյանն էլ չի ընդունում պատճառաբանությունը, թե մետրոյի շինարարությունը չափազանց թանկ հաճույք է, և Հայաստանը նման հնարավորություն չունի։ Նա առաջարկում է ստեղծել մետրոյի հիմնադրամ և բացի բարերարների փոխանցած գումարներից՝ այնտեղ փոխանցել նաև երթևեկության խախտումների տուգանքներից հավաքվող միլիարդավոր դրամների մի մասը։

Սարգսյանը վստահ է, որ չգործարկված երկու կայարանները՝ Շառլ Ազնավուրի եւ Քըրք Քըրքորյանի անուններով անվանակոչելու դեպքում հիմնադրամը կֆինանսավորվի նաև Սփյուռքից:

Կարդացեք նաև
Close
Back to top button