Զինուժը երկրային սահմաններն է պաշտպանում, բալետը՝ երկնայինը. Ռուդոլֆ Խառատյան


Հայաստանում բալետը ներուժ ունի, պարզապես լավ արդյունքի հասնելու համար պետք է չափազանց շատ աշխատել. «Ռադիոլուր»-ին փոխանցել է ճանաչված բալետմեյստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը: Խառատյանը բալետը համեմատել է այն ՀՀ զինված ուժերի հետ, ասելով որ բալետը` մեր հոգևոր ուժն է, այն նույնպես պետք է կայանա, ինչպես կայացել է մեր բանակը:
Խառատյանը միջակություններին չի սիրում, շատ պահանջկոտ է։ Չի հերքում, որ այս պահանջկոտությունն էլ հաճախ արտիստների հետ բերումն է կոնֆլիկտների։ Ասում է, որ կան մարդիկ, որ բնույթով ծույլ են, բայց ունեն մեծ պոտենցիալ։ Բալետի արտիստին համեմատում է մարզիկի հետ, ասում է, որ եթե մարզիկը տասը, տասնհինգ, երբեմն նույնիսկ քսան օր աշխատանքի չգա, չմարզվի, նա չի կարողանա արդյունքը ցույց տալ։
Բալետմեյստերը նաև նման համեմատություն է անում. երբ նայում ես կողքից՝ Հայաստանը փոքրիկ հողակտոր է, այս ու այն կողմից թելադրում են։ Նույնը նաեւ հայկական բալետում է՝ այն խեղդված է, ինքն իր մեջ պարփակված: Բալետմեյստերը նման համեմատություններ է անում, եթե զինուժը երկրային սահմաններն է պաշտպանում, բալետը՝ երկնային տարածքները։ Աշխարհն ուզում է ավելի մեծ հոգեւոր տերիտորիաներ գրավել։ Ի դեպ՝ բոլոր ժամանակներում զրուցակիցս բարձրաձայնել է՝ երբ բալետի արտիստները զորակոչվում են բանակ՝ վերադառնալուց պետք է ամեն ինչ զրոյից սկսեն:
Ամփոփելով զրույցը՝ Խառատյանը շեշտում է՝ մենք ավելի լավ հեռուստացույց ու մեքենա չենք կարող ստեղծել, բայց բալետով կարող ենք աշխարհին ցույց տալ հայկական ոգին ու պատմությունը: