Հասարակություն

SOS Սևանն՝ ընդդեմ լճից ջրի հավելյալ բացթողումների

Սեւանա լիճն այսօր դարձել է թիվ մեկ օրակարգային հարց՝ ինչպես խորհրդարանում, այնպես էլ խորհրդարանից դուրս: Սա բառի բուն իմաստով, քանի որ Աժ-ի շենքի մոտ այսօր կազմակերպվել է բողոքի ակցիա:

 

Այսօր առավոտյան ժամը 10-ից պատգամավորները հավաքվեցին արտահերթ նիստի՝ Սեւանից լրացուցիչ ջրառի թույլտվություն տալու համար: Նույն ժամին այստեղ՝ ԱԺ-ի շենքի մոտ՝ Բաղրամյան պողոտայում, հայտնվեց ընդամենը մեկ պաստառ՝ «Սեւանում հավելյալ ջուր չկա» գրառումով: ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիայի կազմակերպիչները «SOS Սեւան» բնապահպանական նախաձեռնության անդամներն են: Բայց երեւանյան ակցիան այսօրվա միակ բողոքը չէ: Լսենք ակցիայի կազմակերպիչներից «Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանին:

«SOS Սեւան»  կայքէջը փաստում է, որ բողոքի ակցիան այսօր կայացել է նաեւ Սեւանում: «Ես սիրում եմ Սեւանը, իսկ դո՞ւ», «Ձեռքերդ հեռու Սեւանիցս», «Սեւանը փողի քսակ չէ, դեմ ենք Սեւանից հավելյալ ջրառին» այսպիսի պաստառների միջոցով էին ակտիվիստները հանրությանը փոխանցում խնդրի էությունը:

Ահա այսպիսին է Սեւանը, երբ ամպերը խոժոռված են, իսկ ալիքները սովորականից ավելի ուժեղ: Խոժոռված իրավիճակը Սեւանի շուրջ դեռ երկար կշարունակվի: Այսօրվա տվյալներով՝ կարող ենք փաստել հետեւյալը՝ լիճն ընդամենը մի քանի օրվա ընթացքում իջել է 4 սմ-ով` 1900.91 սմ-ից 1900.87 սմ: Սա օրենքով նախատեսված ջրառի շրջանակներում: Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 100 միլիոն խմ-ից ավելի ջուր: Բնապահպանների համար ընդունելի չեն կառավարության եւ օրենսդիրների պնդումները, թե Սեւանից լրացուցիչ ջրառը լճին չի վնասի, բայց կօգնի գյուղատնտեսությանն ու էներգետիկ համակարգին: Հուլիսի 3-ի դրությամբ՝ Սեւանա լիճը բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից 11 սմ-ով: «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանն այս գործով ուսումնասիրել է բոլոր փաստաթղթերը եւ գտել հակասություններ, ասում է՝ ներկայացվող թվերը սխալ մեթոդաբանությամբ են դուրս բերվել եւ իրականությանը չի համապատասխանում կառավարության պնդումը, թե հավելյալ ջրառի արդյունքում Սեւանը կիջնի ընդամենը 8 սմ-ով:

Բնապահպաններն իրենց ահազանգով փորձում են արթնացնել նաեւ հողագործների զգոնությունը: Ոռոգման նպատակով Սեւանից լրացուցիչ ջրառով գյուղացու խնդիրները չեն լուծվում: Ընդհակառակը՝ լավության փոխարեն վատություն է ստացվում: Բնապահպանները վկայակոչում են  բնապահպանության նախարարության մոնիտորինգի եւ տեղեկատվության ՊՈԱԿ-ի 2016 թվականի տեղեկանքը, որտեղ նշված է Սեւանի ջրում քիմիական նյութերի պարունակության տոկոսը:

Աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը դժգոհելու եւ բողոքելու փոխարեն պարզապես հիշեցնում է, թե ինչն էր պատճառը, որ Արարատյան դաշտավայրում ջուրը սկսել է չհերիքել:

Բացի կոռուպցիոն ռիսկերից՝ «SOS Սեւան» նախաձեռնության անդամներն այս խնդրում տեսնում են նաեւ ձկնաբուծարանների եւ էներգետիկ՝ այլ կերպ ասած բիզնես-շահեր: Իսկ նման սպառողական մտածողությունը արդեն շատ շուտ՝ մոտ ապագայում, կարող է բերել Սեւանի ճահճացման՝ ահազանգում են մասնագետները, որոնց, ի դեպ, այսօր ԱԺ շենքի մոտ այդպես էլ չմոտեցավ ոչ մի պատգամավոր:

Ցուցադրել ավելի
Back to top button