Վերլուծական

350 դիվանագիտական թռիչք Ադրբեջանից՝ ահաբեկիչներին զինելու նպատակով


Ադրբեջանը 350 դիվանագիտական չվերթ է իրականացրել՝ ահաբեկիչներին զինելու համար. աղմկահարույց հետաքննության հետքով բացահայտվել է, որ Բաքուն հետևողականորեն զինում է ահաբեկչական խմբավորումներին ինչը լուրջ ահազանգ պետք է լինի ողջ միջազգային հանրության համար:

350 դիվանագիտական թռիչք Ադրբեջանից՝ ահաբեկիչներին զինելու նպատակով:

Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով լույս տեղնող «Տրուդ» պարբերականի կայքում աղմկահարույց հետաքննություն է հրապարակվել,  ուր գաղտնազերծված  փաստերի հիման վրա բացահայտվում է, որ ադրբեջանական պետական օղակների ուղիղ ներգրավվածությամբ աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերին զենք է մատակարարվում:

Նշվում է , որ Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ, գաղտնի կերպով Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան և Կոնգո անօրինական զենքի է արտահանվել: Ստացվում է, որ Բաքուն տարբեր երկրներում գործող իր դեսպանատների հետ հանցավոր համաձայնության միջոցով չարանենգություն է թույլ տվել, ինչը բացահայտել են բուլղարացի հաքերները։ Նրանք կոտրել են Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան ցանցն ու փաստաթղթերը հասանելի դարձրել հանրությանը։

Փաստաթղթերը վկայում են, որ Ադրբեջանը նույն գործելաոճը կիրառում  է մի շարք այլ երկրների հետ ևս: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ ահաբեկչական կազմակերպությունների հետ Բաքվի  կապի մասին գիտեն այն երկրների  հատուկ ծառայությունները, որոնք առնչվում են ահաբեկչության վտանգի հետ։ Հայտնի փաստ է, որ ժամանակին Ադրբեջանում էին բուժում ստանում ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների անդամներ:

Քաղագետ Սերգեյ Մինասյանն  էլ  այս աղաղակող հրապարակմանն անդրադառնալով՝ նշեց, որ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի դեմքը և միջազգային հարությունը հարկ է, որ լավ ճանաչի այդ երկրին:

Տեղի ունեցածը ոչ միայն միջազգային իրավունքի, այլև Օդային տրանսպորտի միջազգային ընկերության  նորմերի լուրջ խախտում է, և կատարվածը չպետք է լուսանցքում մնա ու անտեսվի, հարկ է, որպեսզի այն ողջ աշխարհի ուշադրության առանցքում հայտնվի ու մտորելու և քայլեր ձեռնարկելու հիմք տա:

Back to top button