Հասարակություն

Չելյաբինսկում ողբերգական դեպքի հետեւանքով հայեր են մահացել

Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում ողբերգական պատահարի հետևանքով հայեր են զոհվել, որոնց մեջ նաեւ մանկահասակ երեխաներ կան: Սարսափելի պատահարը, որը յոթ կյանք է խլել, տեղի է ունեցել հունիսի 2-ին: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տղամարդկանցից մեկը իր և 2 եղբայրների երեխաների հետ նավակով շրջելիս է եղել Մաքսիմկա գետի վրայով, սակայն, նավակը հանկարծակի շրջվել է, երեխաներն ու տղամարդը հայտնվել են ջրի մեջ, նրանք օգնություն են կանչել, ինչից հետոք ափին կանգնած 2 տղամարդիկ՝ մյուս երեխաների հայրերը, նետվել են ջուրը՝ օգնություն ցույց տալու, սակայն խեղդվել են իրենք եւս:

2 տղամարդու մարմինները դուրս են բերվել ջրից, ինչպես նաեւ 10 տարեկան մի աղջկա ու 2 տարեկան տղայի: Ավելի ուշ հայտնաբերել են նաեւ 8 ու 15 տարեկան տղաների մարմինները, իսկ մյուս տղամարդուն որոնում են։ Նավակում գտնվող 9 անձանցից 4-ին է հաջողվել փրկվել։

Չելյաբինսկի փոխնահանգապետ Օլեգ Կիլմովը լրագրողներին հայտնել է, թե տղամարդիկ ափին ալկոհոլ են օգտագործել, ապա ալյումինե նավակով գետն են մտել։ Նշվում է, որ ազգականները ափին նշել են իրենց երեխաներից մեկի՝ 9-րդ դասարանն ավարտելու առիթը։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ջրավազանը նախատեսված չի եղել ոչ լողալու, ոչ էլ նավակով զբոսնելու համար: Նույն աղբյուրի համաձայն՝ զոհված քաղաքացիներից եւ ոչ մեկը չի պահպանել անվտանգության կանոնները, նրանց հագին փրկարարական բաճկոններ չեն եղել։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Մաքսիմկա» ջրավազանի վրա զբոսնողները վանաձորցիներ են, ովքեր Չելյաբինսկում մշտական բնակություն էին հաստատել արդեն մի քանի տարի:

Կարդացեք նաև
Close
Back to top button