ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու նախագիծը


Ձայների 77 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Սևանա լճից լրացուցիչ ջրառ թույլատրող նախագիծը: Սևանից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակը սահմանված է օրենքով: Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել և ամրագրված 170 մլն-ը 2017 թվականին դարձնել 270 մլն խորանարդ մետր: Նպատակն, ըստ գործադիրի, ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակի դեֆիցիտը լրացնելն է, իսկ պատճառը՝ 2017-ի սակավաջրությունը: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ասել է, որ լրացուցիչ ջրառն անհրաժեշտություն է և թույլ կտա լուծել մոտ 130 հազար տնտեսությունների ոռոգման խնդիրը: Նախագծին կողմ են քվեարկել կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՀՅԴն, նաև ընդդիմադիր Ծառուկյան դաշինքը: Ելք խմբակցությունը դեմ է քվեարկել ու հայտարարել է, որ պատրաստվում է վիճարկել օրենքի սահմանադրականությունը:
Մինչ Սևանի ափին հանգստանալը եղանակով պայմանավորված ավելի ու ավելի գրավիչ է դառնում, կառավարությունը Սևանին վերաբերող այլ ՝ հանգստին չվերաբերող առաջարկ է անում. ծրագրում է ավելացնել լճից բաց թողնվող ջրի ծավալը: Թե ինչքան ջուր կարել է ամեն տարի վերցնել Սևանից, ամրագրված է օրենքով: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքը, որ ընդունվել է 2011-ին, սահմանում է, որ յուրաքանչյուր տարի Սևանից կարող է ոչ ավելի, քան 170 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնվել:
«Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել օրենքում և 2017-ին 100 մլն խորևանարդ մետրով ավելացնել Սևանից բաց թողնվող ջրի քանակը»:
Առաջարկը վերաբերում է միայն 2017-ին: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ասում է՝ այս քայլին կառավարությանը ստիպում է գնալ գետերի ու ջրամբարների սակավաջրությունը: Հիմնական նպատակը 130 հազար հողօգտագործող տնտեսություններին ոռոգման հարցում օգնելն է: Իսկ որն է առաջարկի բնապահպանական արժեքը: Նաիրա Զոհրաբյանին միայն այս հարցը չէր, որ հետաքրքում էր:
«Հասկանալի չէ, թե ինչու եք դուք ներկայացնում նախագիծը և ոչ բնապահպանության նախարարը»:
Կառավարությունը խոստանում է լրացուցիչ ջրառի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ապահովել. Ջրպետկոմ-ն, օրինակ, յուրաքանչյուր տասնօրյակը մեկ պետք է բաց թողնված լրացուցիչ ջրաքանակի կառավարման մասին հաշվետվություն ներկայացնի: Բացի դրանից ՝ կառավարությունն այս անգամ մեկ այլ նորմաուծության կգնա՝ կփորձի լրացուցիչ ջրառն ուղղել նաև հոսանքի արտադրությանը՝ դրանից մոտ 2-2.5 մլդ դրամ լրացուցիչ գումար ակնկալելով:
Կառավարությունն այս ամենը թվարկում է, բայց բնապահպանական կազմակերպությունները, միևնույնն է, դեմ են նախաձեռնությանը ռիսկեր ու վտանգներ են տեսնում: ՀՀԿ-ից Արման Սաղաթելյանը կառավարությանը պարզապես հորդորում է՝ եթե անգամ ընդհանուր հայտարարի գալը հնարավոր չէ, առնվազն անհրաժեշտ է, որ նման հարցերի շուրջ քննարկումները ավելի վաղ սկսվեն, քան նիտերի դահլիճում ծավալվելը:
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքն ընդունվել է 2001-ին: Ընդունումից ի վեր փոփոխվել է 4 անգամ՝ այդքան անգամ էլ վերաբերելով լրացուցիչ ջրառին: Ճգնաժամային եղել է հատկապես 2008 թվականը, երբ կառավարությունը ստիպված երկու փոփոխություն է կատարել: Նախ՝ լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ է սահմանվել 240 մլն մ3-ը: Հետո նոր փոփոխությամբ օրենքում «240» թիվը փոխարինվել է «360»-ով: Եվս մի փոփոխություն կատարվել է 2012 թվականին և Uևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ է uահմանվել մինչեւ 320 մլն մ3:
Վերջին փոփոխությունը եղել է 2014 -ին և կառավարությունը մինչեւ 270 մլն մ3 ջուր բաց թողելու թույլատրություն է ստացել, ճիշտ այնքան, որքան այս անգամ: Ջրային կոմիտեի նախագահը թվեր է նշում, համաձայն որոնց լրացուցիչ ջրառները Սևանի մակարդակի բարձրացման ծրագրի վրա չեն ազդել:
«2002 թվականին ընդունվել է 30 տարվա ծրագիր, որ մինչև 2031թ. Սևանի մակարդակը բարձրացվի 6 մետրով: 2002թ-ին նիշը եղել է 1896 սմ, 32 մմ, այսօր ունենք 1900 սմ, 91 մմ: Մենք ունենք 4 մետրից ավել աճ, և շեմը, որը դրվել է հաջորդ 15 տարիներին հասնելու համար, մեր կանխատեսումներով, հասնելու ենք շատ ավելի շուտ, քան նախատեսված է»:
Հենց այս փաստը հիմք ընդունելով էլ ՀՅԴ-ն չի հասկանում բնապահպանական կառույցների՝ SOS հնչեցնելն ու իրավիճակն աղետալի որակելը: Սևանը ոչ միայն էկոհամակարգ է, այլև խորհրդանիշ՝ ասում է խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ու մինչև տեղեկացնելը, թե դաշնակցությունն ինչպես է քվերակելու մի պարզաբանում անում:
ՀՀԿ-ի դիրքորոշումը շարադրվեց հին հունական ոճով: Համենայն դեպս այդպես բնորոշեց իր ելույթի տրամաբանությունը Էդուարդ Շարմազանովը: Եվ եզրափակումը ՝ արդեն առանց հունական ոճի:
Սևանի մասին ձոներ ասելու փոխարեն պետք է գործ անել՝ սա արդեն Ծառուկյան դաշինքից Վարդան Բոստանջյանի մոտեցումն է: Հիշեցնելով Սևանի մասին օրենքի ընդունմանն իր մասնակցությունը ՝ պատգամավորը թվարկեց օրենքի խնդրահարույց կետերը: Բոստանջյանն անհասկանալի է համարում նախագծում առկա «լրացուցիչ վճարներ» ձևակերպումը, ռիսկային է գնահատում այդ վճարների՝ արտաբյուջետային ֆոնդ գնալը, ընդհանուր առմամբ հակասահմանադրական կետեր է տեսնում, բայց այսպիսի եզրահանգում է անում:
Նույն հակասահմանադրականությունը օրենքում տեսնում է նաև Ելք խմբակցությունը ու այդ մոտեցումն, ի տարբերություն Ծառուկյան դաշինքին, նրանց ստիպում է դեմ քվերակել նախագծին: Արտակ Զեյնալյանը ոչ միայն հայտարարեց այս մասին, այլև հորդորեց միանալ իրենց:
« Մենք համոզված ենք, որ 130 հազար շահառուների հողատարածքների ոռոգման հարցը կարելի էր լուծել այլ եղանակով: Մենք կարծում ենք, որ նախագիծը ներկայացված է օրենքի խախտմամբ, այն Սահմանադրությանը հակասող դրույթներ է պարունակում: Մենք դեմ ենք քվեարկում այս օրենքին: Միևնույն ժամանակ կոչ եմ անում իմ գործընկերներին աջակցել մեզ Սահմանադրական դատարան դիմելու հարցում»:
Նախագիծն ընդունվեց ընդունվեց ձայների 77 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ:
Դեմ քվեարկեցին «Ելք» խմբակցության՝ նիստին ներկա 3 պատգամավորները: