

Հայտնի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հիշատակին շուրջ 3 մլն դրամ է փոխանցվել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին՝ այսօր տեղեկացանք հիմնադարամի Հոգաբարձուների խորհրղի առաջին նիստի ժամանակ։ Կինոռեժիսորի մահվանից հետո նրա հարազատները բաց նամակ էին հրապարակել և խնդրել մարդկանց, ովքեր կուզենան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցել հիմնադրամին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ այդ որոշումը Գևորգյանցը դեռ տարիներ առաջ էր ընդունել, երբ իր հետ միասին հոգեհանգստի արարողության էին ներկա եղել: Գևորգյանցի ընտանիքը հրաժարվել է նաև հուղարկավորության կազմակերպման համար նախատեսված պետական ծախսերից ու դարձյալ այդ գումարները փոխանցվելու են հիմնադրամին: Իսկ մինչ այդ՝ այսօր հրավիրված խորհրդի նիստի ժամանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրեց նվիրաբերությունների հավաքագրման հայեցակարգը: Նշենք, որ այս պահին կա նվիրաբերությունների երեք եղանակ:
Առաջինը հիմնադրամի կայքն է, որտեղ բանկային քարտի միջոցով նվիրաբերություններ կարող են կատարել աշխարհի բոլոր վայրերից, երկրորդը՝ բանկային հաշվին փոխանցումներ կատարելու, երրորդը՝ 1028 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով:
Հիմնադրամն իր գործունեության ընթացքում 16 հատուցում է արել՝ 14 զոհված, 2 հաշմանդամություն ունեցողի զինծառայողների ընտանիքների: Նիստի ընթացքում ներկայացվեցին մի քանի նոր առաջարկներ, որոնց միջոցով հիմնադրամը նաև հնարավորություն կունենա այլ եղանակներով հավաքագրումներ կատարել: Օրինակ
առաջարկվեց նոր վճարահաշվարկային համակարգերի՝ «Իդրամ», «Թելսել» և «Իզի փեյ» տերմինալների միջոցով նվիրաբերություններ կատարել: Մյուս առաջարկը վերաբերում էր փոստային նամականիշներ և արժեկտրոններ ձեռք բերելու միջոցով նվիրաբերումներ կատարելուն։ Այսինքն՝ գնելով նամականիշը՝ քաղաքացին նվիրաբերություն կատարած կլինի հիմնադրամին: Երրորդ առաջարկը տարին մեկ անգամ բարեգործական համերգ կազմակերպելն է: Համերգն էլ կունենա որոշակի թեմատիկա:
Առաջարկ հնչեց նաև՝ հիմնադրամի լոգոյով «սթիքեր» փակցնել տարբեր ապրանքանիշների վրա: Սպառողը գնելով ապրանքը՝ «սթիքերի» վրա նշված գումարի չափով նվիրաբերություն կկատարի հիմնադրամին: Սակայն այս առաջարկին պաշտպանության նախարարը բացասաբար վերաբերվեց՝ այն կարող է վարչարարական մի շարք խնդիրներ առաջացնել: Նախարարը նաև վաղ համարեց Սփյուռքի տարբեր համայնքներից հավաքագրումներ կատարելու տարբերակը, որով առաջարկվում էր եկեղեցիներում հանգանակություն անել և փոխանցել հիմնադրամին։ Ներկայացված առաջարկները նախնական ընդունվեցին՝ հաշվի առնելով քննարկման արդյունքում եղած դիտարկումները: Անհրաժեշտության դեպքում հաջորդ նիստին նորից կքննարկվի այս հայեցակարգը:
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորված հերոսների ու նրանց ընտանիքների նյութական աջակցության նպատակով: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքով՝ Հայաստանում աշխատող քաղաքացիների աշխատավարձերից 1000 դրամ գումար է պահվում, որը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Ի դեպ՝ նախարարը նշեց, որ երբ ԱԺ-ում քննարկվում էր նախագիծը, շատերը կոչ էին անում, որպեսզի գործի կամավորությանան սկզբունքը ,սակայն մինչ այս պահը կամավորության սկզբունքով հիմնադրամին վճարվել է 38 մլն դրամ, ինչը փոխհատուցումների մեկ քառորդն է: Սա խոսում է նրա մասին, որ հիմնադրամը կամավորության սկզբունքով չէր գործի: Մեկ հարց էլ խորհրդի նիստում բարձրացրեց «Զինվոր» համակարգի խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրայնը: Վերջինս նախարարին փոխանցեց զոհված զինծառայող Գարիկ Վարդանյանի մայր Հասմիկ Հակոբյանի նամակը:
Նախագծի համաձայն՝ զինծառայողի մահվան և առաջին կարգի հաշմանդամության դեպքում միանվագ վճարվում է 10 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում` 5 միլիոն դրամ, հետագա 20 տարիների ընթացքում տրվում է ապահովագրական վճար` սպայական անձնակազմին` 300 հազար դրամ, ենթասպաներին` 250 հազար դրամ, իսկ շարքային անձնակազմին` 200 հազար դրամ: Իսկ զոհվելու դեպքում սպայի ընտանիքին հատկացվում է 82 միլիոն դրամ, ենթասպային` 70 միլիոն դրամ, շարքային զինծառայողի ընտանիքին` 58 միլիոն դրամ:
Նկարը՝ Մեդիամաքս գործակալության