ԿարևորՀասարակություն

Իսրայելական սկանդալից մինչեւ գիտական «դեդովշչինա». քննարկում ԱԺ-ում


Խորհրդարանն այսօր ավարտել  է Բյուջե 2016-ի կատարողականի նախնական  քննարկումը մշտական հանձնաժողովներում: Փաստաթուղթը  կքննարկվի նաև նիստերի դահլիճում, քվեարկության կդրվի, իսկ այսօր պատգամավորները լսել են մշակույթի, կրթության ու գիտության ոլորտին վերաբերող հաշվետվությունները: Ամենաերկար քննարկումը ծավալվել է կրթության և գիտության հարցերի շուրջ: Պատգամավորները խոսել են ամեն ինչից ՝  բուհերում տիրող դեդովշչինայից, իսրայելական սկանդալից  մինչև էքսկուրսիաների մշակույթ ու դպրոցական պայուսակների ծանրություն:

 


Որևէ մեկն իրավունք չունի խաղալ երկրի հեղինակության հետ ու կասկածի տակ դնել ընդհանուր կրթության որակը ՝ ասում է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչայնը ՝ անդրադառնալով ոչ պետական բուհերի շուրջ ծավալված  միջազգային սկանդալին:  Իսրայելի առողջապահության նախարարությունը մոտ երկու տարի  տարբեր կասկածներ հայնտնելուց հետո  վերջերս պաշտոնապես հայտարարել է, որ չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը:

«Այդ նյութերն ապացուցվելուց հետո լիցենզիոն և հավատարմագրման գործընթացները պետք է վերանայվեն: Որևէ մեկն իրավունք չունի մեր երկրի ընդհանուր կրթական որակը դնել կասկածի տակ` ընթացիկ, այժմեական խնդիրներ լուծելու համար»:

Նախարարն ասում է, որ  հետամուտ են  լինելու խնդրի վերաբերյալ ամբողջական և բազմակողմանի քննության անցկացմանը: Դրա համար էլ արդեն դիմել են Արտաքին գործերի նախարարություն, որի միջնորդությամբ պարզաբանումների են  սպասում Իսրայելի համապատասխան կառույցներից: Մասնավորապես ակնկալում են  բուհերի, դիպլոմների, շրջանավարտների ինքնության մասին կոնկրետ տեղեկություններ ստանալ:

«Եթե ապացուցվում է, որ բուհի ռեկտորն անձամբ վաճառում է վկայական, օրենսդրությամբ նախատեսված միջոցներ կան»:

Մկրտչյանը կարծում է, որ այս առումով հատկապես խոցելի են մասնավոր     բուհերը,  իսկ պետականներն ավելի պաշտպանված են, քանի որ առավել մեծ վերահսկողության ներքո են:

Իսրայելի առողջապահության նախարարության հայտարարությունից ամիսներ առաջ  կեղծ դիպլոմներ տալու փաստը հայտնվել էր Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում, բայց կրկին՝ Իսրայելի առողջապահության նախարարության դրդմամբ, որը  դիմել էր մեր ոստիկանությանը` խնդրելով ստուգել հայկական նմուշի փաստաթղթեր ունեցող որոշ ատամնաբույժների դիպլոմների վավերականությունը։ Արդյունքում՝ քրեական գործ էր հարուցել երեք ոչ պետական բուհերի ռեկտորների դեմ, որոնք կեղծ դիպլոմներ էին տվել դասախոսությունների չհաճախած, ընթացիկ ու ավարտական քննությունները չհանձնած անձանց, այդ թվում ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի ու Վրաստանի  քաղաքացիների։ Փաստորեն, եթե  չլիներ Իսրայելի առողջապահության նախարարության  ահազանգը, կրթության և գիտության նախարաությունը  ուշադրությոինց կվրիպեր  մասնավոր բուհական համակարգում կոռուպցիոն լուրջ ռիսկերի առկայությունը:

« Խոսքը ոչ պետական կրթական համակարգի մի քանի բուհերի մասին է, իսկ մենք մոտ 90 հազար ուսանողություն ունենք: Չեմ կարծում, որ սա համատարած երևույթ է: Բացի այդ քրեական գործերը մինչև այդ էին հարուցվել, սա նույնպես նշանակում է, որ կկարողանանք կանխել այս երևույթը»:

Իսրայելական սկանդալը դեռ պետք է հանգուցալուծվի և արդյունքներին պետք է սպասել: Մինչև դա Նաիրա Զոհրաբյանը նախարարության առաջարկում է զբաղվել մեկ այլ հարցով:  Ծառուկյան դաշինքի  քարտուղարը  պնդում է՝ գիտական համակարգում «դեդովշչինա» կա:

«Նայեք, մեր բուհերում 70-85 տարեկան մարդիկ են, ովքեր ըստ օրենքի՝ իրավունք չունեն, բայց 10 տեղ աշխատում են: Իշխանություններին հաճո ռեկտորները մնում են իրենց պաշտոններում, մյուսները թոշակի են ուղարկվում:  Մարդը պիտի հասկանա, որ «դեդովշչինա» չի, մարդը ազատ ոճի պրոֆեսոր չի, որ երբ ուզի գնա, երբ ուզի գա»:

Մինչ համապատասխան օրենքը կընդունվի, նաիրա զոհրաբյանն իր գործընկերներ  պատգամավորներից նրանց, ովքեր ընդգրկված են բուհական խորհուրդներում դուրս գալ  դրանց կազմերից ու չխանգարել դրանց աշխատանքին: Թե քանիսին է կոչը վերաբերում և քանիսը կհետևեն հորդորին, կհետևենք առաջիկայում, իսկ այսօր տեղեկացանք, որ նախարարն արդեն երկու շրջաբերական է ուղարկել բուհերի ռեկտորներին: Առաջինով ուզում է տեղեկանալ,  թե ինչ զբաղվածություն ունեն ամբիոնի վարիչները, երկրորդով հորդորում է կարգի բերել ադմինստրատիվ մասը:

«Խնդիրն, օրինակ,  պրոռեկտորների շքերթը կրճատելն է: 4000 ուսանող ունեցող բուհը չի կարող  5 պրոռեկտոր ունենալ»:

Բուհերը նախարարի շրջաբերականն են ստացել, իսկ Գիտության պետական կոմիտեի նախագահն էլ  տեղեկացել է, որ իր վերջին որոշումներից մեկից հետո

70–ն անց գիտնականները ստորագրահավաք են սկսել:  Նրանք անհանգստացած են այն որոշումից, ըստ որի  այլևս  չեն կարող ղեկավարել գիտպետկոմի դրամաշնորհային ծրագրերը: Այսօր Ազգային ժողովում Սամվել Հարությունյանն ասաց, որ ստորագրահավաքը ոչինչ չի փոխելու, քանի որ որոշումը նպատակ ունի նպաստել սահում սերնդափոխությանը,  բացի դրանից՝ 70 տարեկաններին աշխատանքի իրավունքից չի  զրկում: Ի դեպ, գիտպետկոմի ղեկավարը չափազանցված է գնահատում նաև տեսակետը, թե երիտասրադների գիտության ոլորտը չի գրավում:

Անդրադառնալով գիտնականների պնդումներին, թե  արտասահմանում նման սահմանափակումներ  չկն,  Սամվել Հարությունյանն Ֆլորենցիայում աշխատելու իր փորձն է օրինակ բերում: Ասում է՝  Իտալիայում 65-ից բարձր գիտնականները  դադարում են լինել ամբիոնի վարիչ, դեկան, ծրագրի ղեկավար և զբաղվում են գիտական աշխատանքով։ Վերջում  տարակուսում է`եթե գիտնականն այդ տարիքում իրեն արժանի գոնե մեկ հետնորդ չի պատրաստել, ուրեմն զուր ժամանակ է վատնել:

Back to top button