Երվանդ Ղազանչյան և Գալյա Նովենց՝ 80


ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ թատերական երկու լեգենդների` ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի և նրա լուսահոգի տիկնոջ` ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկոն։
«Իմ ցանկությունն է, որ այս օրը հիշեք ոչ թե Գալյա Նովենցի և Երվանդ Ղազանչյանի երեկո, այլ մարդկանց, որոնք ներկա են հանդիսասրահում»,- ասաց Երվանդ Ղազանչյանը:
Երկու արտիստների ծննդյան օրերը միասին նշելու գաղափարը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանինն էր.
«Այսօր մենք եկել ենք շնորհավորելու և մեր խոնարհումը հայտնելու: Ես վստահ եմ, որ Գալյա Նովենցի լուսավոր հոգին նույնպես ներկա է այստեղ: Նրա ստեղծած կերպարները թե′ թատրոնում, և թե′ կինոյում կարողացան լինել այնպիսի վառ և պայծառ, որ կապում են մեր իրականությունն անցյալի հետ և մեր ապագան կարողանում են կամրջել անցյալի մեր հիշողությունների հետ»։
Արմեն Ամիրյանը հավելեց, որ Գալյա Նովենցը կարողացել է ստեղծել հայ մոր, հայ կնոջ կերպարներ, որոնք չափազանց լուսավոր էին և իրական ։