Հասարակություն

Ներդրումները կմնան ջրի տակ. որն է Սևանա լճից լրացուցիչ ջուր վերցնելու նպատակը


Խորհրդարանը վաղն արտահերթ նիստում քննարկելու  է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումների նախագիծը: Կառավարությունն առաջարկում է Սևանա լճից ևս 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնել՝ ջրառի նպատակով: Բնապահպաններն ու փորձագետները սակայն մտահոգ են։ Ավելին, նրանք արտահերթ լսումներ են պահանջում:

 


«Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանը վաղը  նախատեսված  ԱԺ արտահերթից անակնկալներ չի սպասում: Գրեթե վստահ է՝ անկախ քննարկումներից, խորհրդարանը  կողմ է  քվեարկելու Սևանա լճից լրացուցիչ ևս 100 մլն  խորանարդ մետր ջուր բաց թողնելու  առաջարկին: Թերահավատության պատճառը նախկին փորձն է։ Մի քանի անգամ կառավարությունը ջրառը ավելացնելուն առաջարկ է ներկայացրել, ու  ԱԺ-ն էլ միշտ քվեարկել է դրա օգտին:

Կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի պարզաբանմամբ, տարին ձնառատ էր, սակայն անձրևները, որոնք պետք է ձյունը դեպի ջրամբարներ տանեին, չեն տեղացել, արևն էլ ջրի գոլորշիացման պատճառ է  դարձել: Սևան ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանը, սակայն, հավելյալ ջրառ իրականացնելու այլ պատճառներն է բերում:

«Սեւանի բարձրանալը վտանգում է սեփականատերերին»:

Ներդրումները կմնան ջրի տակ՝ ասում է ու շարունակում ՝ լրացուցիչ 100 մլն խորանարդ մետրը ջուրը գրեթե 80 տոկոսով ավելացնում է ՀԷԿ-երի հզորությունները: Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ է կարծում, որ Սևանա լճից լրացուցիչ ջուր վերցնելու նախաձեռնությունը էներգետիկ ոլորտի համար է:

Բնապահպան Սիլվա Ադամյանը կարևորում է  կենսաբազմազանության, մասնավորապես թռչնաշխարհում վերջին տարիներին նկատելի դրական շարժերը:

«Որքան ջրի մակարդակը նվազի, այնքան ջրի որակն է ընկնում՝ ասում է Սևան ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանն ու հիշում՝ 100 տարի առաջ  քաղցրահամ ջուրը նաև կենցաղում էին օգտագործում: «Մի ժամանակ ջուրը պաշտապունքի առարկա էր, այժմ՝ ցանկանում ենք ազատվել նրանից»,- ասում է:

Նշենք, որ խորհրդարանը վաղն արտահերթ նիստում է քննարկելու Սևանա լճից լրացուցիչ 100 մլն  խորանարդ մետր ջուր բացթողնելու կառավարության առաջարկը: Բնապահպանները, սակայն, լրացուցիչ լսումներ են պահանջում:

Ցուցադրել ավելի
Back to top button