Վերլուծական

Սիրիայում քրդական պետություն Թուրքիան թույլ չի տա ստեղծել

Վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին ուժգնացել են բախումները քրդական ուժերի և թուրքական իշխանությունների միջև ինչպես Թուրքիայի հարավում, այնպես էլ Մերձավոր Արևելքում՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ նկատելով, որ գրեթե ամեն օր երկու կողմից էլ լինում են բավական մեծ քանակությամբ զոհեր ու վիրավորներ:

Թուրքական կողմը մեծ քանակությամբ զինտեխնիկա և զինուժ է կուտակել Սիրիայի սահմանին և այնտեղից ամեն օր հրետակոծում է Սիրիայի քրդերի դիրքերը: Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը հիշեցրեց Էրդողանի հայտարարությունը, որ չնայած զոհեր են տալիս, բայց ամեն գնով՝ օգտագործելով զինտեխնիկա և զինուժ, Թուրքիան թույլ չի տա, որ Սիրիայում ստեղծվի Քրդական պետություն, քանի որ դա հակասում է Թուրքիայի  ազգային անվտանգությանը:

«Միաժամանակ Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի ինքնավարության առաջնորդ Բարզանին երբ հայտարարեց, որ սեպտեմբերի 25-ին կայանալիք Քրդական անկախության հանրաքվեն չի հետաձգվելու, հակառակ դեպքում այն կբերի մահաբեր պատերազմի: Թուրքական իշխանական շրջանակները հայտարարեցին, որ իրենք եւս դեմ են Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի անկախության հանրաքվեին»,- ասում է թուրքագետը։

Այս ամենը վկայում է, որ Թուրքիան ամեն ինչ անելու է դրան հակազդելու համար: Սա նշանակում է, որ թուրք-քրդական հակամարտությունը գնալով էլ ավելի կսրվի, հատկապես՝ իրավիճակն առավելաբար կթեժանա Թուրքիայի հարավում, որտեղ այսօր էլ գրեթե ամեն օր զոհվում են և թուրք զինվորներ, ե՛ւ քուրդ զինյալներ: Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն առանձնացրեց հատկապես բախումների թեժությամբ աչքի ընկնող տարածքները։ «Մասնավորապես Դիարբեքիր, Բիթլիս եւ Շերնաք բնակավայրերում ամեն օր տեղի են ունենում ռազմական գործողություններ՝ ՔԲԿ-ի եւ թուրքական զորքերի միջեւ: Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, այդ ամենի վերջը բոլորովին չի երեւում»:

Թուրքագետը նաև նկատեց, որ Քրդական պետության ստեղծումը չի կարող լինել առանց ԱՄՆ-ի համաձայնության, ապա  ենթադրեց, որ հակադրվում են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները:

Այդ ամենին զուգահեռ, Թուրքիայում աճել են բռնությունները լրագրողների հանդեպ: Թուրքագետի փոխանցմամբ՝ իրավապաշտպան «Ֆրիդըմ հաուզ» կազմակերպության տվյալներով՝ Թուրքիայում ներկայումս անազատության մեջ, անասելի պայմաններում է պահվում 160 լրագրող: «Վերջին երկու տարվա մեջ Թուրքիան ազատ համացանց ունեցող երկրից վերածվել է անազատ համացանց ունեցող երկրի և այդ առումով հավասարվել այնպիսի երկրների, ինչպիսիք են Իրանը, Չինաստանը և այլն»:

Միջազգային լրատվամիջոցները նաեւ այս օրերին արձանագրում են, որ Թուրքիայում միաժամանակ շարունակվում է գյուլենականների որսը. վերջին վեց ամսում փակվել է գյուլենականների 4000–ից ավելի հաստատություն: Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի խոսքով՝ միաժամանակ բավական սրված են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, հատկապես Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները: «Գերմանական իշխանությունները այդպես էլ թույլ չտվեցին Էրդողանի  թիկնապահներին, որոնք ԱՄՆ-ում ծեծի էին ենթարկել հայ և քուրդ խաղաղ ցուցարարներին, ներս մտնել Գերմանիա, ինչը հարուցել էր թուրքական արտգործնախարարության զայրույթը: Միաժամանակ «Մեծ քսանյակին» մասնակցելու մեկնած Էրողանին ևս թույլ չեն տվել հանդիպել տեղի թուրքական շրջանակների հետ»:

Այսպիսով, Գերմանիան չի թաքցնում, որ բավականին սկզբունքային է տրամադրված թուրքական ազդեցությունը  Գերմանիայում սահմանափակելու հարցում՝ եզրահանգեց թուրքագետը: Ըստ փորձագետի՝ նման զարգացումները վկայում են այն մասին, որ Թուրքիայի առջեւ կարծես առավել ամուր են սկսել փակվել ԵՄ դռները: Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը վկայակոչեց նաեւ ազդեցիկ կուսակցություններից մեկի ղեկավարի՝ Մարտին Շուլցի եւ ԵՄ ազդեցիկ շրջանակներից հնչած հայտարարություններն այն մասին, որ եթե այսպես շարունակվի, ապա Թուրքիան երբեք չի մտնի ԵՄ: Փորձագետը չբացառեց, որ Թուրքիայում եւ նրա շուրջ զարգացումները էլ ավելի կարող են խճողվել՝ ԻՊ հնարավոր գործողություններով, որոնց կողմից իրականացվող պայթյունները կարող են պարզապես տեղափոխվել Թուրքիա:

 

Back to top button