Մշակույթ

«Այսօր ձայնըն հայրական». հուշագրություն՝ մեկ դար տեւողությամբ

<<Գաղթ: Գաղթական: Բացօթյա երթ ու քուն: Հազ, փռշտոց, տենդ , լուծ…Մեծերը՝ տոկում, երեխաները չեն դիմանում: Կանգառներում  մեկ-երկու թումբ թողած՝ մարդիկ շարժվում են հյուսիս: << Վերադարձին,- ասում են,- կքանդենք, կհանենք, կտանենք  Վան, կհորենք>>. սա հատված էր երաժշտագետ, ռադիոլրագրող Վարուժան Պլուզյանի վերջերս լույս տեսած  <<Այսօր ձայնըն հայրական>> կենսագրական վեպից: Հուշագրությունում Արևմտյան ու Արևելյան Հայաստանի վերջին 100 տարվա պատմության, կենցաղի ու մշակույթի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ կան։

Շուրջ կես դար  նա Հայաստանի հանրային ռադիոյում է: Այդ ամբողջ ժամանակահատվածում շփվել է մշակույթի հետ ամենալայն առումով և այնպիսի արժեքներ ստեղծել, որ դարձել է ոչ միայն հանրային ռադիոյի ամենասիրելի դեմքերից մեկը, այլև չափազանց արժեքավոր ու գնահատելի մի մարդ ողջ հանրապետության համար։ Երաժշտական հարյուրավոր հաղորդումների հեղինակ  Վարուժան Պլուզյան: Հանրային ռադիոյի մշակութային հաղորդումների գլխավոր խմբագիր Օֆելյա Ասատրյանը նրան ճանաչում է ռադիո մուտք գործելու առաջին իսկ օրից: Իսկ դա 43 տարի առաջ էր։ Օֆելյա Ասատրյանին և Վարուժան Պլուզյանին միավորում է ոչ միայն հանրային ռադիոն, այլև Վանը: Երկուսի նախնիներն էլ վանեցիներ են, ինչը առանձնահատուկ էր դարձնում նաև երկու վանեցիների շփումը։

Վան-Վասպուրականն իր հրաշալի բնապատկերներով, ինքնատիպ բարբառով, երաժշտությամբ, կենցաղով Վարուժան Պլուզյանը ներկայացրել է վերջերս լույս տեսած <<Այսօր ձայնըն հայրական> > կենսագրական վեպում: Երաժշտագետ, ռադիոլրագրող Վարուժան Պլուզյանի  հուշագրությունը  ներկայացնում է ուշագրավ տեղեկություններ Արևմտյան ու Արևելյան Հայաստանի  պատմության, կենցաղի ու մշակույթի վերաբերյալ՝ 20-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը:

<<Հայ ժողովրդի պատմության 100-ամյա շրջանն ամփոփող, ազգասիրությամբ ու մարդասիրությամբ հագեցած  խիստ ճանաչողական մի վեպ, նորագույն շրջանի հուշագրային գրականության լավագույն աշխատանքներից մեկը>>. Հենրիկ Բախչինյանը այսպես է բնութագրում Վարուժան Պլուզյանի աշխատությունը, որն ավարտվում է հեղինակի՝ նախնիների հետ մտովի զրույցով։ Սա եւս հատուկ է Պլուզյանի ձեռագրին՝ ասում է խմբագիրը։

Պլուզյանների տոհմի ժառանգը զբաղվել է իր գործով և տասնամյակների իր հարուստ ձեռքբերումներին նա գումարեց ևս մեկը՝ կենսագրական վեպ, որը, Հենրիկ Բախչինյանի բնորոշմամբ, հավակնում է դառնալ հայ հուշագրային գրականության լավագույն նմուշներից մեկը։

Back to top button