«Ոչ լավ, ոչ վատ». իսրայելցի քաղաքական գործիչը՝ հայ-իսրայելական հարաբերությունների մասին


Օրերս Հայաստան եւ Արցախ է այցելել իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը: Այսօր նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է իր տպավորություններով՝ շեշտելով, որ այցն իր համար ուսուցողական նշանակություն ուներ: Նա հրեշավոր եւ տարօրինակ է համարել Ադրբեջանի այն քայլը, որ իր այցից հետո հայտնվել է Ադրբեջանի սեւ ցուցակում՝ որպես ոչ ցանկալի անձ: Իսրայելցի հայտնի գործչի այցը կազմակերպել է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Վերջինս կարծում է, որ հայ-իսրայելական հարաբերությունները կարոտ են զարգացման, խորացման եւ ընդարձակման, որում կարեւոր դեր կարող է ունենալ իսրայելցի քաղաքագետի այցը Հայաստան եւ Արցախ:
Իր հերթին իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինն անդրադառնալով հայ-իսրայելական հարաբերությունների պատմությանը՝ նկատեց, որ ինչ-ինչ հանգամանքների բերումով Հայաստանը հարաբերությունները խորացրել է Իրանի հետ, իսկ Իսրայելը՝ Ադրբեջանի:
Մեր հարաբերությունները թույլ են, ոչ լավ են, ոչ վատ՝ ձեւակերպեց իսրայելցի քաղաքագետը, ապա ասաց, որ Իսրայելում հայկական թեման բացակայում է: Նշեց, թե հույս ունի, որ առաջիկա տարիներին Իրանի եւ Իսրայելի միջեւ կառուցողական քննարկումներ կլինեն, որտեղ Հայաստանը կարող է ունենալ ուրույն դեր: Ակնկալում է, որ այդ ամենը հնարավորություն կտան նաեւ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման՝ ասաց Ավիգդոր Էսկինը:
Արման Նավասարդյանի դիտարկմամբ՝ հարաբերությունների հետագա զարգացման լուրջ խթան կարող է լինել այնպիսի մասշտաբի գործչի այցը Հայաստան եւ Արցախ, ինչպիսին ինքը՝ Ավիգդոր Էսկինն է: Այս այցն, ըստ էության, հանրային դիվանագիտության կարեւոր նախաձեռնություններից մեկն է դառնում՝ կարծիք հայտնեց Արման Նավասարդյանը:
Իսրայելցի գործիչն ինքը տպավորված է հատկապես արցախյան այցելությամբ: Ասաց, որ դա իր համար ուսումնական նշանակություն ուներ: Իրեն հարցնում են, թե ի՞նչ է մտածում ղարաբաղյան խնդրի մասին, իսկ ինքը կարծում է, որ պարտադիր չէ ինչ-որ բան մտածել բարդ խնդրի մասին, իսկ լուրջ որոշման համար հարկավոր է այնտեղ ինչ-որ ժամանակ նախ ապրել, սովորել, զգալ, հասկանալ: Ասաց, թե Իսրայելում իրենք չեն սիրում, երբ աշխարհը գալիս է ու իրենց ասում, թե ինչ պետք է անել այնտեղի հակամարտության հետ: Պարզաբանեց, թե հաշվի առնելով դա, միանգամից ասում է, որ եկել է սովորելու եւ ոչ թե սովորեցնելու ինչ-որ մեկին:
Իսրայելցի հայտնի քաղաքագետը շեշտեց, թե արցախյան հանդիպումները լավ մթնոլորտում են անցել, խոսել են ամեն ինչի մասին, ընդ որում՝ իրեն տրվել են անգամ շատ ծանր հարցեր: Մենք խոսել ենք ամեն ինչի մասին եւ մենք խոսել ենք, ինչպես ընկերներ՝ ասաց: Կարծիք հայտնեց նաեւ, թե խաղաղ կարգավորում որեւէ տեղ չի լինի, եթե նախեւառաջ չստեղծվի խաղաղասիրության մթնոլորտ, փոխըմբռնում ոչ թե պետական մակարդակով, այլ՝ մարդկանց միջեւ:
Ավիգդոր Էսկինը զարմանք արտահայտեց, որ Արցախ այցից հետո հայտնվում է Ադրբեջանի սեւ ցուցակում: Նշեց, թե նախապես չգիտեր, որ կարող է դա տեղի ունենալ այն բանի համար, որ մարդը, ինչպես ինքը, բարի կամքի առաքելությամբ է այցելել: Ասաց, որ դա շատ անհանգստացնող է:
Ի պատասխան հարց-դիտարկմանը, որ Ավիգդոր Էսկինը նախկինում մշտապես պրոադրբեջանական դիրքորոշումներ է հայտնել եւ ի՞նչ է փոխվել՝ իսրայելցի քաղաքագետն ասաց, թե ինքը հիմա էլ պրոադրբեջանական դիրքերից է ելույթ ունենում, ինչը նաեւ պրոհայկական է. խոսում է խաղաղասիրության, փոխըմբռնման, վստահության մթնոլորտի անհրաժեշտության մասին.
«Այն ինչ ես ասում եմ՝ Ադրբեջանի օգտին է, իհարկե՝ պրոադրբեջանական դիրքորոշում է, բայց նաեւ պրոհայկական է նույնպես: Ասում ենք այն մասին, ինչը լավ է բոլոր մարդկանց»:
Ես չեմ ցանկանում որեւէ մեկի դեմ ինչ-որ բան ասել, մենք միայն ասում ենք հանունի՝ հավելեց իսրայելցի քաղաքագետը՝ Ադրբեջանի նախագահի քայլերը բնութագրելով որպես տարօրինակ: Ասաց, որ Մոսկվայի, Իսրայելի իր բոլոր ընկերներին կոչ է անում այցելել Ղարաբաղ:
Այդ մարդիկ չպետք է լինեն մեկուսացման մեջ՝ հավելեց Ավիգդոր Էսկինը՝ չհամաձայնելով դիտարկման հետ, որ դա իր կողմից հակաադրբեջանական հայտարարություն է եւ մարտահրավեր՝ նետված Ադրբեջանին: Ադրբեջանի ցանկության եւ նրա վարած քաղաքականության մասին հարցին արձագանքելով՝ Ավիգդոր Էսկինը չհերքեց, որ այնտեղ ագրեսիվություն կա: Ասաց, թե իր բառերում զգուշավոր է, քանի որ շատ լավ չի տիրապետում այնտեղի իրավիճակին եւ իրեն որպես փորձագետ վստահում են, քանի որ կարողանում է դա ասել: