Բունդեսթագն օրինականացրեց միասեռ ամուսնությունները


Գերմանիայի խորհրդարանը հավանություն է տվել միասեռ ամուսնությունների օրինագծին: Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, փաստաթուղթն ընդունվել է ձայների մեծամասնությամբ. «կողմ» է քվեարկել 393 պատգամավոր, «դեմ»՝ 226-ը, 4 պատգամավորներ ձեռնպահ են մնացել։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Օրինագծի համաձայն՝ սեռական փոքրամասնության ներկայացուցիչները կկարողանան պաշտոնապես ամուսնություններ կնքել և ունենալ նույն այն իրավունքները, ինչ և ավանդական ընտանեկան զույգերը, օրինակ, կկարողանան երեխաներ որդեգրել։ Մինչ այդ սեռական փոքրամասնության ներկայացուցիչները Գերմանիայում կարող էին կնքել այսպես կոչված «քաղաքացիական միություններ»:
Նշվում է, որ կառավարող կոալիցիայում մեծամասնություն ունեցող Քրիստոնեադեմոկրատական միություն և Քրիստոնեասոցիալական միություն կուսակցությունների (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքը հանդես էր գալիս միասեռ ամուսնությունները ճանաչելու դեմ: Սակայն այս շաբաթ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր, ՔԴՄ-ի նախագահ Անգելա Մերկելը կուսակիցների հորդորել էր, որ նրանք այս դեպքում որոշումն ընդունեն ինքնուրույն՝ «խղճի թելադրանքով», այլ ոչ թե ղեկավարվել համակուսակցական դիրքորոշմամբ:
Սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն՝ Գերմանիայի բնակչության մեծամասնությունը պաշտպանում է միասեռ ամուսնությունների օրինականացումը։
Նկարը՝ Agence France-Presse-ի