Սվիտալսկու «խորհուրդները» կարելի է քննարկել. ՀՀ փոխարտգործնախարար


2016 թվականին ԵՄ-ն Հայաստանին 27, 5 միլիոն եվրո է տրամադրել` տարբեր խողովակներով, ինչը բյուջեում ուղղակիորեն արտացոլված չէ՝ այսօր խորհրդարանում շարունակվող 2016 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Արտգործնախարարությունը խորհրդարանում երկու օր է ներկայացնելու հաշվետվություն: Այսօր միայն եվրոպական ինտեգրման հարցերն էին օրակարգում, վաղն արդեն գերատեսչության ընդհանուր հաշվետվությունն է սպասվում: Պատգամավորներից բացի նաեւ լրագրողների որոշ հարցերի է այսօր պատասխանել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ գրեթե բացառել է արցախյան հակամարտության ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Արդյո՞ք դա վկայում է բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի մասին՝ հարցն ԱԺ-ում լրագրողներն ուղղեցին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին:
«Բանակցային գործընթացի համար պետք է լինի համապատասխան մթնոլորտ: Եթե չկա, ապա չի կարող լինել բանակցային գործընթաց: Եթե կրակում են, սադրանքներ են ստեղծում, ինչպես կարելի է նստել բանակցային սեղանի շուրջ: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեր հարևան հակառակորդի ամենաարկածախնդիր քայլերին»:
Այս համատեքստում Հայաստանի փոխարտգործնախարարը հանգիստ է վերաբերվում ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ մատակարարելու փաստին: «Հայաստանն անվտանգության հարցերում հույսն առաջին հերթին իր վրա պետք է դնի»,- շեշտում է Շավարշ Քոչարյանը: Հայկական դիվանագիտության ձախողումներին վերաբերող հարցերը նա սկզբունքորեն թողնում է անպատասխան՝ նախ եւ առաջ այդտեղ տեսնելով գնահատականներ:
«Մեզ համար նորություն չէ, որ այդ պայմանագիրը կա եւ դեռ էլի լինելու է: պետք է չունենքլ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքները կարող են բերել այլ կողմ: մեր դիրքորոշումն այդ հարցում շատ հստակ է, բազմիցս արտահայտվել է նաեւ ամենաբարձ մակարդակում, բայց այնուամենայնիվ, դա է իրողությունը: Եվ ելնելով այդ իրողությունից մենք պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը թե Ռուսաստանի, թե այլ գործընկերների հետ»:
«Այլ գործընկերներ» ձեւակերպման մեջ առաջին հերթին մտնում է ԵՄ-ը: Կառույցը առաջատարներից է Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում, Հայաստանի քաղաքական եւ առեւտրային հիմնական գործընկերներից մեկն է: Միայն 2016-ին տարբեր ոլորտների ֆինանսավորման համար Եվրոպական Միությունը Հայաստանին հատկացրել է 27.5 միլիոն եվրո: Այս տարվա համար Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի բանակցությունների հնարավոր ավարտի ժամկետներն են հայտնի: Նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախատեսված է գործընկերության երկրների Արեւելյան գագաթաժողովը, հենց այդ ընթացքում էլ հնարավոր է ստորագրվի Հայաստան-ԵՄ նոր՝ իրավական համաձայնագիրը: Շատերն ԱԺ-ում այս հարցի շուրջ դեռ հարցականներով են խոսում: Արդյո՞ք փաստաթուղթը իրականություն կդառնա եւ չի կրկնի 2013-ին Ասոցացման պայմանագրի պատմությունը, երբ Հայաստանը նախընտրեց ԵԱՏՄ-ն։ Հարցերին Շավարշ Քոչարյանը նախընտրում է պատասխանել դիվանագիտորեն:
ԵՄ 7 միլիոն եվրոն անցյալ տարի Հայաստանում ծախսվեց ընտրությունների կազմակերպման համար: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու վերջերս արված դիտարկումներն ու հայտարարությունները իշխանական գործիչների մի մասն ընկալեց իբրեւ պետության ներքին գործերին միջամտելու փորձ: Հանրապետության փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ Սվիտալսկու հայտարարությունների շուրջ աղմուկը անհարկի շատ է եղել: ԵՄ դեսպանի խոսքերը Քոչարյանը դիտարկում է «խորհուրդների» տեսանկյունից, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ: Սվիտալսկին հայտարարել էր, որ պետք է փոխվի ԿԸՀ կազմը, որ մարդիկ վստահեն, եւ ներգրավել քաղհասարակությանը:
Փոխարտգործնախարարը, ի դեպ, այսօր ակնարկել է, որ «մեր բոլոր համակարգերը կարոտ են բարեփոխումների, այդ թվում նաեւ ընտրական»: Իսկ գումարների հատկացումն ու ծախսերը դեռ չեն նշանակում, որ կոնկրետ ընտրական ոլորտում բոլոր խնդիրները լուծված են: